Հոկտեմբերի 1-ին անցկացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին եւ Հայաստանին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին


Հոկտեմբերի 1-ին անցկացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին եւ Հայաստանին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

  • 28-09-2023 14:22:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին:
 
ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը:
 
«Արդյունքում, կան հարյուրավոր սպանվածներ եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց եւ երեխաների շրջանում: Հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել եւ մնացել են անօթեւան՝ առանց սննդի եւ ապրուստի այլ միջոցների ու առաջին բժշկական օգնության»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, ինչի ականատեսն ենք դեռ 44-օրյա պատերազմից հետո, իսկ այս օրերին այդ քաղաքականությունն իրագործվում է ամբողջ թափով: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ մարդիկ, որոնց կարիքներն առայժմ Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կարողանում է բավարարել՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ, ինչի հետեւանքով ժողովուրդը զրկվել է իր իսկ հայրենիքում ազատ եւ արժանապատվորեն ապրելու իրավունքից: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները դատապարտող ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը:
 
Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը, այլեւ զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները եւ գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը:
 
«Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ավերիչ իրավիճակից՝ մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հայ ռազմագերիների եւ այլ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ: Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը դեռ գտնվում է Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»,- հիշեցրել է խորհրդարանի ղեկավարը:
 
Նա շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին եւ Հայաստանին առնչվող հարցեր:
 
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play