ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է կալանավորների<br /> նկատմամբ բռնությունների կիրառումը<br />


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է կալանավորների
նկատմամբ բռնությունների կիրառումը

  • 24-12-2008 18:08:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը դեկտեմբերի 23-ին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարել է, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել: Նույն օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ահազանգել «Նուբարաշենում» գտնվող կալանավոր Գեւորգ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը եւ հայտնել, որ իր պաշտպանյալը նույնպես քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել եւ իրեն չեն թողնում տեսակցել վերջինիս հետ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն», հանդիպել նախնական կալանքի տակ գտնվող Գ.Ոսկերչյանին եւ Գ.Մանուկյանին: Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գ.Ոսկերչյանը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 10-ին կալանախուց են մտել հարկի հերթապահ Թաթուլ Հակոբյանը եւ իրեն անծանոթ այլ անձիք` կալանախցում խուզարկություն կատարելու համար: Իրեն որպես տարիքով ավագի թողել են կալանախցում, իսկ մյուս կալանավորներին հանել են խցից: Խուզարկություն կատարողներից մեկը տեղեկանալով, թե ինքը ՀՀ քրեական օրենսգրի որ հոդվածով է մեղադրվում, ուժգին ապտակել է իրեն, որից հետո եւս մեկ հարված է ստացել աջ ոտքին: Ստացած հարվածների հետեւանքով իր ինքնազգացողությունը խիստ վատացել է, որի պատճառով էլ իրեն նշանակված ժամից ուշ են տարել դատարան: Գ.Մանուկյանը հայտնել է, որ հրաժարվում է իրեն ծեծի ենթարկելու կապակցությամբ որեւէ հայտարարություն անել, քանի դեռ չի խորհրդակցել իր փաստաբանի հետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա.Հարությունյանը դատապարտել է նման բռնության երեւույթը` համարելով այն որպես ճնշում ամբաստանյալների վրա: Գ.Ոսկերչյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով անցկացնել ծառայողական քննություն եւ պատժել մեղավորներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան ատյաններում բարձրացրել է նաեւ լրագրողների կողմից «Յոթի գործով» դատական նիստը լուսաբանելու պայմանների հետ կապված հարցերը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն լուսաբանել դատավարությունը, այլ ոչ թե ստիպված լինեն օգտվել մատուցված նյութից, եւ ամբաստանյալների հարազատների դատական նիստերի դահլիճ մուտքի ապահովման հարցը, քանզի դեկտեմբերի 23-ին դատական նիստերի դահլիճում էին գտնվում քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկանության աշխատակիցներ, մինչդեռ ամբաստանյալների հարազատների մեծ մասը չէին կարողացել մուտք գործել այնտեղ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play