Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարություն. դը Վաալ


Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարություն. դը Վաալ

  • 12-10-2023 13:30:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովների համատեղ լսումներում ելույթով է հանդես եկել «Կարնեգի Եվրոպա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, նշել՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով կան զոհեր ու տուժածեր զինվորների ու խաղաղ բնակիչների շրջանում:
 
«Սա մարդկային ողբերգություն է։ Գրեթե ամբողջ բնակչությունը փախել է Հայաստան։ Բռնության այս ալիքը ևս մեկ անգամ արգելափակեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարը: 2021 թվականից ի վեր Արևմուտքի միջնորդությամբ դիվանագիտական լուրջ գործընթաց է ընթանում, դրան զուգահեռ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում էին նաև Մոսկվայի միջնորդությամբ: Ղարաբաղի հայերի և Բաքվի ներկայացուցիչների միջև ևս բանակցություններ սկսվեցին՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն արգելափակել էր Հայաստանն ու Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար ծանր իրավիճակ: Մենք երկար տարիներ նման բանակցություններ վարելու կոչ էինք անում, սակայն Ադրբեջանը պատրաստ էր դրան միայն իր պայմաններով։
 
Իլհամ Ալիևն ընտրության հնարավորություն ուներ, բայց նախընտրեց ուժ կիրառել: Գրեթե ամբողջ բնակչությունն անապահով էր զգում, հետապնդման վտանգ էր զգում և լքեց Ղարաբաղը: Մենք գիտենք, որ այդ ռազմական գործողությունները համակարգվել են Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում լրատվամիջոցներին հանձնարարվել է էսկալացիայի համար մեղադրել ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Դը Վաալը։
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ այսպես կոչված «վերաինտեգրման» օրակարգ է առաջարկում, ըստ որի՝ հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ և դառնալ Ադրբեջանի քաղաքացի: «Նշեմ, որ Ադրբեջանում երկքաղաքացիություն չկա, ուստի մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ Կարծում եմ՝ միջազգային կառույցները, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, պետք է շատ զգույշ լինեն և հետևեն նման նախաձեռնություններին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է նման նախաձեռնություն առաջարկվում, երբ բնակչության 99 տոկոսը հեռացել է ԼՂ-ից»,- ասել է գիտնականը։
 
Դը Վաալը հիշեցրել է, որ Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարության հնարավորություն։ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի 2017 թվականի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում փոքրամասնությունների վրա ճնշում է գործադրվում, որ նրանք հավատարիմ լինեն պետությանը: Փոքրամասնություններին նաև հնարավորություն չի տրվում ինքնարտահայտվել: 
 
«Կարնեգի Եվրոպայի» ավագ գիտաշխատողի խոսքով՝ բազմաթիվ անկախ զեկույցներ կան, որ ադրբեջանական կրթական համակարգը երեխաներին սովորեցնում է ատել հայերին՝ ներկայացնելով նրանց որպես ահաբեկիչների և օկուպանտների, որոնք 1990-ականներին ցեղասպանություն են իրականացրել Ադրբեջանի դեմ: 
 
«Հաշվի առնելով նման հռետորաբանությունը, նաև Ադրբեջանում լրատվամիջոցների և քաղաքական ուղերձները՝ դժվար է պատկերացնել, որ հայերը կարող են իրենց ապահով զգալ Ադրբեջանի տարածքում: Միջազգային վերահսկողություն է անհրաժեշտ: Տարիներ շարունակ բազմաթիվ կոչեր են եղել՝ թույլ տալու միջազգային փաստահավաք և դիտորդական առաքելություններին այցելել ԼՂ, սակայն Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները: Նաև մշակութային հաստատություններն են խնդրել այցելել Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատուն, որն ավերվել է: Սակայն նույնպես մերժվել են: Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ապագան ևս հարցականի տակ է: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանի պնդումները, թե, իբր, Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք է, այս բոլոր հարցերը համակողմանի մոտեցման կարիք ունեն»,- եզրափակել է դը Վաալը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play