Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել


Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

  • 16-10-2023 13:11:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրավապահները քրեական գործ են հարուցել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։
 
Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել էր քրեական գործ բացել ԼՂ իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։
 
«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։
 
Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
 
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Սամվել Բաբայանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն՝ կոչ անելով Դատախազությանը ասվածն ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
 
Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ուսումնասիրում է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը՝ Հանրայինի եթերում օրեր առաջ արած հայտարարությունն այն մասին, թե ԼՂ նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են ԼՂ-ն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play