Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Շանթանու Նարայեյին


Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Շանթանու Նարայեյին

  • 19-10-2023 10:01:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
 
Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է մեր հասարակության, առավել ևս՝ երիտասարդների համար:
 
Շանթանու Նարայեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
 
***
Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությունը: 
 
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք: 
 
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. 
 
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ, 
 
Ողջունում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական հերթական մրցանակաբաշխությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն մրցանակը ստացողների, այլև ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: 
 
Ինչո՞ւ ենք մենք իրականացնում այս մրցանակաբաշխությունը և ի՞նչ ուղերձ ենք փորձում հղել սրանով: Առաջինը, իհարկե, մեր գնահատանքն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր ինչ-որ առումով շրջադարձային, հեղափոխական ազդեցություն են ունեցել մեր ժամանակների վրա: Երբ մենք ասում ենք մարդիկ ներդրում ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դա նշանակում է, որ մարդիկ ազդեցություն ունեն ժամանակների վրա, որովհետև տեխնոլոգիաներն են հիմա կանխորոշում ժամանակները, ապրելու ձևը, ապրելու ոճը, ապրելու արագությունը և ապրելու որակը: 
 
Երկրորդ՝ մենք սրանով ընդգծում ենք ՀՀ կառավարության քաղաքականությունը և վերահաստատում մեր քաղաքական հանձնառությունն՝ ամեն ինչ անել Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու և Հայաստանի տնտեսությունն ու կյանքը բարձր տեխնոլոգիական արդյունավետությամբ օժտելու մեր հաստատակամությունը: 
 
Երրորդը՝ մենք, իհարկե, ի ցույց ենք դնում Հայաստանի Հանրապետության  երիտասարդությանը, բիզնեսին, ստարտափներին անհատական հաջողության պատմությունները, մեծ  հաջողությունների պատմությունները, մեր մրցանակակիրների օրինակով փորձելով քաջալերել այն մարդկանց, ովքեր այդ ոլորտում կամ աշխատում են կամ մտածում են կամ գուցե թե մասնագիտության ընտրության փուլում են, և ահա նման մասշտաբային մարդկանց տեսնելը ՀՀ-ում գուցե կդառնա գործոն նրանց մասնագիտական ընտրության համար: 
 
Իհարկե, մենք նաև խնդիր ունենք մեր գործընկերներին, մրցանակակիրներին ցույց տալ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, և նաև ուրախ եմ արձանագրել, որ կարող ենք ասել, որ ունենք ցույց տալու նաև ՏՏ ոլորտում զարգացման որոշակի դինամիկա: Եվ մենք արդեն երկար տարիներ ՀՀ-ում ոլորտի մոտավորապես երկնիշ աճեր ենք ապահովում. 2022 թվականի տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը: 
 
Ընդհանրապես, նաև այս մրցանակաբաշխությունը և մրցանակակիրների հետ շփումը շատ  կարևոր է Կառավարության համար, որովհետև մրցանակակիրների հետ շփումների ընթացքում ես փորձում եմ գտնել մի քանի հարցերի, ավելի ճիշտ երկու կոնկրետ հարցի պատասխաններ: Ես ուզում եմ պարզել, թե ահա նման նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին՝ առաջինն իրենց անհատական հաջողության համար և երկրորդը՝ իրենց ընկերությունների հաջողությունների համար: 
 
Եվ վերջին հինգ տարիներին հիմնականում իմ շփումներից ես դուրս եմ բերել երկու հիմնական հետևություններ, որ կառավարությունների առաջնային դերը կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելն է և նրա որակն ապահովելը, և երկրորդը՝ մրցակցային հնարավորինս արդար և ազնիվ, հավասար դաշտ ապահովելը, մասնավորապես՝ պետական գնումների ոլորտում, որպեսզի ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցել և իրենց գաղափարները զարգացնել, իրենց գաղափարներն իրացնել և դրանք վաճառել կառավարություններին: 
 
Ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ այսօր նույնպես, պարոն Նարայեյի հետ մենք շատ բովանդակալից խոսակցություն ունեցանք այս թեմայով և ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել ՏՏ ոլորտի զարգացման ամենաարդյունավետ գործիքների մասին իր գնահատականները լսելու հնարավորության համար: Եվ շատ շնորհակալ եմ, որ նա հաճույքով կիսեց իր մոտեցումները, տեսակետները»:
 
Այնուհետև վարչապետ Փաշինյանն Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին է հանձնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը:
 
Իր հերթին, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր Շանթանու Նարայեն նշել է. 
 
«Պարոն վարչապետ, 
Պարոն նախագահ, 
Պատվարժան ներկաներ, 
 
Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս մեծ պատվի համար, որն այսօր շնորհվում է ինձ և Adobe Systems ընկերությանը: Շատ շնորհակալություն: Adobe-ի տեսլականն իրապես եղել է թվային գործառության միջոցով աշխարհը փոխելը: 
 
Ընկերությունը հիմնադրվել է, որպեսզի ցանկացած անձ, ով գաղափար ունի, կարողանա իր գաղափարը հայտնել, արտահայտել: Adobe-ն իր ազդեցությամբ եղել է այն, որ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ամբողջ աշխարհում կարողանալ վերցնել իրենց մտքում եղած գաղափարը և արտահայտել այն: Ինձ համար մեծ պատիվ է ընկերության կազմում լինել ավելի քան 25 տարի: 
 
Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա վարչապետի հետ: Այսօր, այս երեկո նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար: 
 
Adobe-ը հպարտանում է նրանով, որ մենք այստեղ ունենք գիտահետազոտական ներկայություն: Երեկ շատ կարևոր օր էր մեզ համար, քանի որ բացեցինք մեր նոր շենքը, որը կարծում եմ՝ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդին և պատրաստ ենք շարունակել ընդլայնել մեր ներկայությունն այստեղ: 
 
Բայց կրկնեմ, որ այսօր մեծագույն պատիվ է ինձ համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր-բոլորին, այդ թվում՝ հանձնաժողովների անդամներին, ովքեր այս պատվին արժանացրեցին ինձ: Ես ընդունում եմ դա Adobe-ի 30 հազար աշխատողների անունից»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play