Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Լուանդայում է


Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Լուանդայում է

  • 24-10-2023 10:02:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 22-27-ը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում:
 
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
 
Այցի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռիոտոնի գլխավորած պատվիրակությանը:
 
ԱԺ փոխխոսնակը կարեւորել է Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում` այս համատեքստում հիշատակելով Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների գումարումը եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի երկու այցերը Հայաստան:
Հակոբ Արշակյանը խոսել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների մասին, շնորհակալություն հայտնել տրամադրված աջակցության համար:
 
«2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել շուրջ 150 քառակուսի կմ տարածք»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
 
Նա համոզմունք է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միջխորհրդարանական միությունը:
 
Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռիոտոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ մարտահրավերների հաղթահարման գործում Ֆրանսիան Հայաստանի կողքին է, աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ժողովրդավարությանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play