Փաշինյանը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում կարևորել է նախկին պայմանավորվածությունների վերահաստատումը


Փաշինյանը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում կարևորել է նախկին պայմանավորվածությունների վերահաստատումը

  • 26-10-2023 10:43:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանն առաջիկայում սպասում է, նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կունենանք եռակողմ հանդիպում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այդ հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռք բերված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
 Պատասխանելով հարցին, թե «Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն ի՞նչ պետք է անեն դա կանխելու համար», Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես, այնուամենայնիվ, կկիսեի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավելի քան 100 հազար նոր փախստականների հարցը և Լեռնային Ղարաբաղի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Իհարկե, ես չեմ ասի, թե այդ հարցերի միջև փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայնիվ, դրանք առանձին հարցեր են»:
 
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ և 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, կձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը: ՀՀ վարչապետը հիշեցրել է՝ որոնք են այդ պայմանավորվածությունները, որոնք նաև արտահայտված են Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության և Պրահայի հայտարարության մեջ:
 
Ըստ նրա՝ առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպման ժամանակ և արդեն 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ևս մի քայլ է արվել առաջ և արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ  տարածքային ամբողջականությունը:
 
Երկրորդ սկզբունքը ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այն հայտարարություններում տեղ է գտել. Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: «Իսկ ի՞նչն է դրա առանձնահատկությունը: Դրա առանձնահատկությունն այն է, որ ստորագրման պահին Խորհրդային Միության երկրներն արդեն փաստացի անկախ երկրներ էին դառնում կամ դարձել էին, և Ալմա-Աթայի հռչակագրով նրանք արձանագրեցին, որ ճանաչում են գոյություն ունեցող խորհրդային ադմինիստրատիվ սահմանները հանրապետությունների միջև՝ որպես պետական սահմաններ, ճանաչում են այդ սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը: Երբ ասում ենք, որ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան»,- շեշտել է ՀՀ վարչապետը:
 
Եվ երրորդ սկզբունքը, ըստ նրա, հետևյալն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար, պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների  հիման վրա: «Ահա այս սկզբունքները գործնականում պայմանավորված են, և մնում է այդ պայմանավորված սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր ու գնալ առաջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Եվ, իհարկե, մենք առաջիկայում սպասում ենք, նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կունենանք եռակողմ հանդիպում: Հույս ունեմ՝ այդ հանդիպման ընթացքում այս պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռք բերված է: Եվ կմնա այդ սկզբունքները դնել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play