Որոնք են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները․ պարզաբանում է վարչապետը


Որոնք են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները․ պարզաբանում է վարչապետը

  • 30-10-2023 12:42:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կլինի, եթե հայկական և ադրբեջանական կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին»:
 
Այս մասին այսօր՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- նկատեց վարչապետը:
 
Վերջինս հիշեցրեց այդ սկզբունքները. «Առաջին՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառ. կմ»:
 
Վարչապետը նկատեց, որ այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա ու թիրախ է դառնում․ «Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում: Եվ հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա: Այս թվերը վերցված են Խորհրդային միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից: Դրանում Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներն են»:
 
ՀՀ կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ երկրորդ սկզբունքը հետևյալն է. «Կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է ելնել այն իրողությունից, որ Խորհրդային միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչում են Ալմաթիի հռչակագրով: Դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմաթիի հռչակագրի ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը: Ըստ էության՝ կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար, կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացով նույնպես բավականին արագ ու արդյունավետ հնարավոր է առաջ գնալ»։
 
Երրորդ սկզբունքն էլ, ըստ վարչապետի, այն է, որ բացվում են տարածաշրջանային հաղորդակցությունները՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, և դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով:
 
Նրա խոսքով՝ վերջին սկզբունքով է, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ամփոփել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play