ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար. Քերոբյան


ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար. Քերոբյան

  • 31-10-2023 15:36:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կառավարությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ ՝ միաժամանակ փորձելով դիվերսիֆիկացնել ապրանքների իրացման շուկաները։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ հայկական արդյունաբերական արտադրանքի` Ռուսաստան արտահանման համար արհեստական խոչընդոտներ չկան: Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողներին՝ մեկնաբանելով վերջերս մաքսատանը մնացած կոնյակի խոշոր խմբաքանակի հետ կապված պատմությունը։
 
«Առևտրային գործարքները տարբեր ոլորտներում նորմալ իրականացվում են։ Եվ պետք է ասեմ, որ այս խնդիրը, որը մի քանի օր շարունակ տեղի է ունեցել (վրաց-ռուսական սահմանին մի քանի օր կանգնած էին հայկական կոնյակներով մեքենաները` խմբ.), այժմ վերացվել է։ Որոշ ընկերություններ իրենց արտադրանքն արտահանում են լաստանավային հաղորդակցության միջոցով, այնտեղ էլ ամեն ինչ կարգին է», - ասաց նա։
 
Նրա խոսքով` դա մասնավոր դեպք էր, որը լուծվել է։
 
Նշենք, որ 2023 թվականի մարտին ռուսական մաքսային ծառայությունը սկսել է հսկիչ ստուգումներ իրականացնել, որից հետո խնդիրներ են առաջացել հայկական կոնյակի արտահանման հետ կապված։ Դրանք կապված են եղել հայկական արտադրանքում տեխնիկական խախտումների հայտնաբերման հետ։ Սեպտեմբերի վերջին ռուսական մաքսային ծառայությունն անցել է ուժեղացված հսկողության։ Այդ մասին տեղեկացվել է հայկական կողմին։ Արդյունքում սեպտեմբերի 25-ից խմիչքով բեռնատարներին բաց չեն թողել, քանի որ ստուգման համար նմուշներ են վերցրել։ Մի քանի օր անց խնդիրը լուծվեց։
 
Քերոբյանը նշեց, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները չափազանց կարևոր են, Հայաստանի կառավարությունը շարունակում է զարգացնել այդ հարաբերությունները ՝ միևնույն ժամանակ զգալի ջանքեր գործադրելով մատակարարումների շուկաների դիվերսիֆիկացման համար:
 
Նախարարն ընդգծեց, որ այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ կան։ Այսպես, Արաբական Միացյալ էմիրությունների հետ առևտրաշրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում աճել է 10 անգամ և ընթացիկ տարվա արդյունքներով կարող է կազմել 1,5 մլրդ դոլար: Նրա խոսքով` շուտով պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կարող է գերազանցել ՀՆԱ-ն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play