«3+3» ձևաչափն անընդունելի է Վրաստանի համար. Նիկոլոզ Սամխարաձեն բացատրել է՝ ինչու


«3+3» ձևաչափն անընդունելի է Վրաստանի համար. Նիկոլոզ Սամխարաձեն բացատրել է՝ ինչու

  • 01-11-2023 13:00:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վրաստանը, ինչ-որ իմաստով, ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել։ Եվ հենց դա է որոշում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
 
Նրա խոսքով, Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման ուղղությամբ։
 
«Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումը շատ հաստատուն է՝ քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այս ձևաչափին»,- ասել է Սամխարաձեն։
 
Սակայն դա չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կնքվի ավելի մեծ խաղաղության մասին համաձայնագիրը։ Վրաստանը կարևոր է համարում, որ Կովկասի կլիման նպաստի քաղաքական և տնտեսական համագործակցությանը։
 
Նա անդրադարձել է նաև առանց վրացական կողմի «3+3» ձևաչափով հանդիպումից հետո Թեհրանում ընդունված փաստաթղթի առաջին կետին։ Սամխարաձեն նշել է, որ դրանում նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած հանդիպումից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են 9 կետից բաղկացած հայտարարություն, որոնցից մեկում ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, քաղաքական անկախության, տարածքային  ամբողջականության նշանակությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների հարգումը։
 
Իր հերթին, Վրաստանը, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից ի վեր, բազմիցս առաջարկել է հարթակ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ինքը՝ վարչապետ Ղարիբաշվիլին, բազմիցս հանդես է եկել հարթակ ստեղծելու գաղափարով՝ խաղաղ հարևանության նախաձեռնությամբ, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ հարցեր։ 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում անցկացրեցին Թբիլիսիում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play