ՀՀ-ն հույս ունի, որ մինչև 2024-ի վերջ կմիանա Չաբահար նավահանգստին և «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ին


ՀՀ-ն հույս ունի, որ մինչև 2024-ի վերջ կմիանա Չաբահար նավահանգստին և «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ին

  • 09-11-2023 12:35:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Միջանցքը Հայաստանին թույլ կտա իր տեղը զբաղեցնել Հարավային Կովկասի առաջատար տրանսպորտային զարկերակների շարքում։
 
Հայաստանը հույս ունի, որ մինչև 2024 թվականի վերջ կավարտի Իրանի Չաբահար նավահանգստին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու գործընթացը:
 
Այս մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
 
Դեռևս 2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր Չաբահար նավահանգստում միջազգային բեռնափոխադրումների գործարկման և օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։
 
«Հայաստանը բանակցություններ է վարում իրանական Չաբահար նավահանգստին միանալու շուրջ, քանի որ ձգտում է մուտք ունենալ Հնդկաստան և ասիական այլ երկրներ»,-ասել է Սաֆարյանը:
 
Ներկայումս Երևանը հույս ունի, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի և Չաբահար նավահանգստի միջև արագ կապ կհաստատվի անխափան հաղորդակցություն ապահովելու համար:
 
Սաֆարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերին Հայաստանի պատվիրակությունը Մումբայում մասնակցել է Global Maritime India Summit 2023-ին, որտեղ քննարկվել է նաև Չաբահար նավահանգստի զարգացման հարցը: Բացի այդ, Երևանը Հնդկաստանին առաջարկել է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի մաս դառնալ։ Փոխնախարարը մատնանշել է նաև հայկական կողմի մշակած «Խաղաղության խաչմերուկը», որի իրականացումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանին:
 
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։
 
Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play