Ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը․ Էլինար Վարդանյան


Ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը․ Էլինար Վարդանյան

  • 15-11-2023 15:41:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Եվրոպական խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է․
 
«Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ քննարկվում էր Հարավային Կովկասում անվտանգային վերջին զարգացումների հարցը: Խոսքս ստորև՝
 
Հարգելի գործընկերներ,
 
Այսօր մենք քննարկում ենք Հարավային Կովկասում անվտանգության վերջին զարգացումները մի երկրի հետ, որը պատասխանատու է բնիկ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումների համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 100000 հայ ստիպված եղավ լքել հայրենիքը սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած արյունահեղ ռազմական հարձակումից հետո, ինչը հաջորդեց ինը ամիս տևած շրջափակմանը:
 
Մենք քննարկում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը մի երկրի հետ, որտեղ պահվում են հարյուրավոր հայ ռազմագերիներ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և որոնց մասին շատերի ընտանիքները դեռևս լուր չունեն։ Գերության մեջ պահվողների թվում այս տարվա սեպտեմբերից ավելացան մարդիկ, ովքեր անցած 25 տարիներին ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում և որպես օրինական ներկայացուցիչներ առաջնորդել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հանուն ինքնորոշման: Այժմ նրանք Բաքվի բանտերում են:
 
Մենք ժողովրդավարության հարցեր ենք քննարկում մի երկրի հետ, որտեղ  ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում օրինական ընտրված ներկայացուցիչների, արդեն ուղիղ 30 տարի իշխում է նույն ընտանիքը։
 
Հարգելի գործընկերներ, 
 
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները սոսկ ռազմական հանցագործություններ չեն, և ոչ էլ զուտ հայ-ադրբեջանական հարաբերություններ: Խոսքը գնում է առաջադեմ երկրների ընտրության մասին՝ մի կողմից ժողովրդավարության և խաղաղության, և մյուս կողմից՝ բռնությունների միջև: 
 
Այս և եվրոպական այլ հարթակներում Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների անպատժելիության զգացողության ամրապնդմանը։
 
Ինչպես հիշում ենք, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամները դիտվել են որպես «եվրոպական ընտանիքի» անդամներ։ Եվ շարունակական առաջադեմ բարեփոխումները և ԵՄ չափանիշներին ներդաշնակեցումը, եվրոպական արժեքների և մարդու իրավունքների խթանումը չափազանց կարևոր և առանցքային են: Այն, ինչ այսօր ունենք, այս ամենի ճիշտ հակառակն է։
 
Եզրափակելով, եթե մենք ցանկանում ենք դադարեցնել եվրոպական արժեքների և հիմնարար իրավունքների խախտումները, եթե ուզում ենք նայել այս հարթակի ապագային, ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը:
 
Շնորհակալություն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը