Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը


Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը

  • 17-11-2023 12:43:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատող օրինագծի քննարկումը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։
 
Թեև ընդգծվել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը միևնույն ժամանակ նշել է, որ Շվեդիան ահաբեկչությանը հակազդելու «ճանապարհային քարտեզ» պետք է ներկայացնի։
 
Anadolu գործակալությունը փոխանցում է, որ արդյունքում հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը՝ «քննարկվող թեմայի վերաբերյալ հստակության և ոչ այնքան հասուն բանակցությունների» պատճառաբանությամբ:
 
Եթե հանձնաժողովը հաստատեր օրինագիծն, այն կուղարկվեր խորհրդարան՝ հաստատման, որից հետո պետք է վավերացվեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ:
 
Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։
 
Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել․ Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը