«Չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության»․ ԵԱՀԿ ԽՎ-ն ավարտեց աշնանային նստաշրջանի աշխատանքը


«Չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության»․ ԵԱՀԿ ԽՎ-ն ավարտեց աշնանային նստաշրջանի աշխատանքը

  • 20-11-2023 11:37:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երեկվա նիստում հայտարարել է Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
Ըստ Ազգային ժողովի՝ նա շեշտել է, որ ավելի քան մեկ ամիս առաջ ականատես եղան Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան:
 
«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, և դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը:
 
Անդրադառնալով սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքին՝ Կիրակոսյանը դա անթուլատրել է համարել՝ շեշտելով դրա աղետալի հետևանքները։
 
Խորհրդարանից փոխանցում են, որ ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին՝ ընդգծելով՝ դա հանգեցրեց էթնիկ զտման։
 
Բելգիայի ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը:
 
Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, Իսրայելի և Պաղոստինի հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին:
 
Չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, հայտարարվել է նիստում, կարևորվել բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը:
 
Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը:
 
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորվել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը:
 
ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը նշել է, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար:
 
«Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:
 
Կարևորվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:
 
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման կարևորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:
 
ԵԱՀԿ ԽՎ-ն երեկ ավարտել է աշնանային նստաշրջանի աշխատանքը։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 18-ին։
 
Ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանը հյուրընկալել էր կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորների: Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չէին մասնակցում նիստին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը