Դիմումի որևէ փաստաթղթի կարիք չկա․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի համար հաստատվեց առանձին ընթացակարգ


Դիմումի որևէ փաստաթղթի կարիք չկա․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի համար հաստատվեց առանձին ընթացակարգ

  • 30-11-2023 12:53:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարությունն այսօրվա նիստին օրենքով հստակեցրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։
 
Նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց ․ «Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու»։
 
Նախարարի տեղակալի խոսքով՝ այդուհանդերձ, որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր․ «Մասնավորապես, դրանք այն դեպքերն են, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջինս Լեռնային Ղարաբաղում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում չի իրացվել»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը