Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Մոսկվայից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Մոսկվայից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն

  • 01-12-2023 14:52:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի «Սրտից սիրտ» ակցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար հավաքագրված մարդասիրական օգնությունը Մոսկվայից ուղարկվել է Հայաստան։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ աջակցությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի միության կողմից օմբուդսմենին ուղղված դիմումի համաձայն, «Մոլորակ», «Վերածնունդ և հույս» հիմնադրամների և Ժողովրդական ճակատի աջակցությամբ։
 
«Մարդասիրական օգնությունն այն մարդկանց համար է, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում՝ Լեռնային Ղարաբաղից գալով Գյումրի, Երևան։ Ներառված են անկողնային պարագաներ, ներքնակներ, հիգիենայի պարագաներ երեխաների համար, որոշակի կենցաղային տեխնիկա, պահածոյացված շոգեխաշած միս, բացվող մահճակալներ։ Կարծում եմ՝ այս ամենն օգտակար կլինի», - ասել է Մոսկալկովան։
 
Բացի այդ, նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու ամանորյա միջոցառումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղից երեխաների համար, եթե նրանք գնան Ռուսաստան։
 
«Որովհետև մարդու իրավունքները և գթասրտության առաքելությունն անքակտելիորեն կապված հասկացություններ են», - հավելել է Մոսկալկովան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը