Ծառայե՞լ բանակում, թե՞ վճարել. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորի նախագիծը


Ծառայե՞լ բանակում, թե՞ վճարել. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորի նախագիծը

  • 12-12-2023 15:43:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում 10 մլրդ դրամ կմուտքագրվի ՀՀ պետական բյուջե ու ավելի քան 5000 անձ պարտադիր զինծառայություն կանցնեն։
 
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
 
Պատգամավորներից 63–ը կողմ քվեարկեցին, դեմ` ոչ ոք, ձեռնպահ` 25–ը։
 
Նշենք, որ նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
 
1.երկու տարի ուղղակի ծառայելով,
2.մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
3.վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
4.մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
5.չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։
 
Այսպիսով, ըստ նրա, 10 մլրդ դրամ մուտք կլինի պետական բյուջե, ու 5000–ից ավելի անձ պարտադիր զինծառայություն կանցնի։
 
Սարգսյանի խոսքով` այս պահին հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնք չեն ծառայել։
 
«Ես չեմ ցանկանում, որ նորից համաներում անենք այս մարդկանց պատասխանատվությունից ազատելու համար։
 
Միաժամանակ չեմ ուզում, որ ծառայությունից խուսափած քաղաքացին ուղղակի դատապարտվի. եթե անձին դատապարտում ենք, ապա պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի համար տարեկան մոտ 5 մլն դրամ է ծախսում»,– հայտարարեց նա։
 
Հիշեցնենք, որ օրենքի նախկին կարգավորմամբ` 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը: 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play