«Արմմոնո» 9-րդ միջազգային թատերական փառատոնը կարելի է համարել կայացած


«Արմմոնո» 9-րդ միջազգային թատերական փառատոնը կարելի է համարել կայացած

  • 11-04-2011 16:59:29   | Հայաստան  |  Մշակույթ
«Արմմոնո» 9-րդ միջազգային թատերական փառատոնը կարելի է համարել կայացած: Այս մասին ապրիլի 11-ի ասուլիսում հայտարարեց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը: «Այս տարի եղան հաջողված, հետաքրքիր եւ ոչ այդքան հաջողված ներկայացումներ: Փառատոնն այս տարի աչքի ընկավ նոր մասնակիցներով Իսրայելից եւ Եգիպտոսից»,- ասաց նա: Ըստ Մ.Մխիթարյանի, 9-րդ փառատոնի մեխը Բիրուտե Մարիի « Ունե» (Լիտվա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Լեհաստան) եւ Իրինա Եվդոկիմովայի «Ոչ ոք» (Ռուսաստան) մոնոներկայացումներն էին: Հայաստանյան ներկայացուցիչներից նա նշեց Նարեկ Ներսիսյանի մասնակցությամբ «Լյուսիեն Լյուկ» եւ Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում...» մոնոներկայացումները: Նրանք փառատոնից հետո բազմաթիվ հրավերներ են ստացել արտերկրից: Նշվեց, որ եղել են նաեւ տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով չի իրականացվել տիտրերի խոստացված ցուցադրությունը, չնայած որ թարգմանությունները նախապես պատրաստ են եղել: Հիշեցնենք, որ այս տարի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի շրջանակներում հանրության դատին է հանձնվել 8 արտերկրյա եւ 7 հայաստանյան ներկայացուցիչների աշխատանքներ: Փառատոնն անցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play