ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի սահմանի իրավիճակը վերահսկելու համար. Ռիտեր


ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի սահմանի իրավիճակը վերահսկելու համար. Ռիտեր

  • 19-12-2023 11:35:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական կարողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում` առաքելության Գործողությունների տարածքում՝ անձնակազմի թիվը 138 աշխատակցից հասցնելով 209-ի։
 
Այս մասին նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
 
«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում:
 
Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտության հետևանքով տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,-ասել է Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
 
Փաստաթղթում ասվում է, որ առաքելությունը գործարկվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ երկամյա մանդատով, և կմնա ամբողջովին քաղաքացիական և անզեն ԵՄ դիտորդական առաքելություն՝ որպես անաչառ դերակատար:
 
«Առաքելության առջև խնդիր է դրված դիտարկել իրավիճակը տեղում և զեկուցել դրա մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը և, հիմնվելով վերոհիշյալի վրա, նպաստել ԵՄ բարձր մակարդակով ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը:
 
Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից: Սա ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ամբողջ սահմանը: Առաքելության ուժեղացումը թույլ կտա նրանց ավելի շատ պարեկություններ իրականացնել»,-հավելել է Ռիտերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը