Խաղադրույք են արել վրան և ուղարկել Հայաստան, ուզում են Հայաստանի կյանքը ցնցել. Սուքիասյանը՝ Շահրամանյանի մասին


Խաղադրույք են արել վրան և ուղարկել Հայաստան, ուզում են Հայաստանի կյանքը ցնցել. Սուքիասյանը՝ Շահրամանյանի մասին

  • 26-12-2023 11:19:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Սամվել Շահրամանյանն առաքելություն ունի Հայաստանում պետության կյանքը ցնցելու:
 
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Շահրամանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտները:
 
«Ռուսական КГБ-ն աշխատանքի բաժանում է արել, մի մասին ուղարկել է Բաքվի բանտեր, որպեսզի իր ոճիրը ծածկի, այս մեկին էլ, որպես թարմ կադր, ուղարկել է Հայաստան՝ ՀՀ-ի կյանքը ցնցելու և պետության մեջ երկիշխանություն առաջացնելու համար: Այստեղ գործ ունեն անելու մեր իշխանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, որը այս մարդով պիտի զբաղվի: Եթե մարդը գող է, պետք չէ զարմանալ, գլխավորը գողի ձեռքը բռնողն է: Հիմա այս մարդը ֆունկցիա ունի, և դա կատարում է, վաղն էլ ուրիշ բան է անելու»,- կարծում է նա:
 
Սուքիասյանը կրկնում է՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այս մարդուն պետք է պահի խիստ վերահսկողության տակ. «Մեր հասարակական դաշտում կա տեսակետ, թե սա անմեղսունակ է, բայց դա կեղծ տեսակետ է, շատ էլ մեղսունակ է, շատ էլ՝ մեղավոր: Շատ լավ գիտակցել է, թե ինչ է անում»:
 
Վերջինս կարծում է, որ Շահրամանյանն այս պահին քաղաքական դերակատար չէ, բայց կարող է դառնալ, քանի որ եթե իրեն ուղարկել են Հայաստան, ուրեմն խաղադրույք են արել իր վրա. «Եթե պետք լինի, լիդեր կսարքեն, և այս մարդիկ կգնան երկիշխանություն առաջացնելու ճանապարհով»:
 
Սուքիասյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանում կարողանա ցնցում առաջացնել, սակայն չի հաջողել, իսկ սա հերթական քայլն է. «Արցախի հարցը փորփրելու են, հոգեկան հիվանդության են վերածելու այդ պրոբլեմը, մեղադրելու են իշխանությանը աշխարհի բոլոր մեղքերի համար, որպեսզի իրենց շուրջ մոբիլիզացիա ստեղծվի, դառնան երկրորդ իշխանություն ՀՀ-ում:
 
Հայկ Սուքիասյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ Հայաստանում չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի վտարանդի իշխանություն. «Երևանում չի կարող լինել Արցախի իշխանություն, ինչ հիմունքով ուզում է լինի՝ հասարակական, ոչ հասարակական, ՊՈԱԿ-ի, առևտրային կազմակերպության, ինչ ուզում են իրենց վրա գրեն: Ինչ է նշանակում հասարակական հիմունքներով, այսինքն՝ ինքը ձրի նախագահ է աշխատում իր 22 հոգանոց հրացանակիրներով»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը