Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը․ վարչապետ


Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը․ վարչապետ

  • 28-12-2023 13:13:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը, և այդ հարցում կենսաչափական անձնագիրն ունի շատ էական նշանակություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Հիմա մեր գլոբալ ռազմավարական խնդիրը այն է, որ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին կամ ընդհանրապես, իրավահարաբերությունների մեջ մտնելիս, ներկայանում է որպես այդպիսին, մենք հնարավորություն ունենանք մարդուն նույնականացնել համացանցում։ Սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն։
 
Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել ու համոզված լինել, որ ով ներկայանում է պետական մարմնին, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է։ Եթե այս տարբերակով հնարավոր լինի նույնականացում անել, իհարկե հնարավոր կլինի անել էլեկտրոնային ստորագրության նույնականացումը և բոլոր այն գործարքները, որ մենք հիմա անում ենք։ Օրինակ՝ անձնագրի օգտագործմամբ, մենք այս գործընթացի արդյունքում պետք է հնարավորություն ունենանք իրականացնել դա տանը նստած՝ հեռախոսով կամ համակարգչով»,- ասաց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի շարժական ID ընդունումն ու թողարկումը։
 
«Դա նշանակում է, որ մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այն պիտի պահի տանը, որ չկորչի, և մնացած բոլոր դեպքերում պետք է հնարավորություն տանք, որ թվային, բջջային հավելվածի միջոցով կարողանա օգտագործել նույնականացման տվյալը»,-  նշեց Փաշինյանը։
 
Վարչապետը կարևորեց նաև կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելը այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չլինի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play