«Հանրային տարածքները՝ հանրությանը. թենիսի «Արարատ» ակումբը կգործի վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան


«Հանրային տարածքները՝ հանրությանը. թենիսի «Արարատ» ակումբը կգործի վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

  • 15-01-2024 12:58:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Համայնքին մատակարարվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, ևս երկուսը կհասնեն առաջիկա օրերին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 15-20 օրերի ընթացքում դրանք կհամալրեն երևանյան երթուղիները:
 
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից, իսկ ինչ վերաբերում է թենիսի «Արարատ» ակումբին, ապա այն կգործի մեկ այլ վայրում՝ վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով: 
 
«Օղակաձև այգին փոքր կենտրոնի միակ կանաչ տարածքն է, և մեզ համար գերակայություն է կանաչ գոտու վերականգնումը: Խոսքն ընդհանուր հանրային շահի մասին է: Թենիսի ակումբը միանշանակ պետք է վերակառուցվի ու հասանելի լինի բոլորին, ուստի դիրքը կարևոր չէ, ակումբին տրվելու է տարածք և այն շարունակելու է գործել: Սա սոցիալական ծրագիր է. Երևանում որոշակի ընկերություն պատրաստ է սոցիալական պատասխանատվություն ստանձնել ու մեծ գումարներ ներդնել հանրային տարածքները վերականգնելու համար՝ որոշակի հասարակական տարածքներ ներառելով, որպեսզի կարողանա հանրային այդ տարածքների հետագա սպասարկումն իրականցնել»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը: 
 
Նախորդ տարի մայրաքաղաքում մեկնարկած կամուրջների հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի: 2024թ. նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը: 
 
2023թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 24 բենզալցակայան:
 
Զեկուցվել է, որ ուսումնասիրությունների համաձայն Երևանում գործող 242 բենզագազալցակայաններից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Հանձնարարվել է դրանց ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել: 
 
«Սա պետք է ազդակ լինի այդ գործունեությունն իրականացնողների համար, ովքեր օր առաջ պետք է իրենց ուժերով ապամոնտաժեն այդ կառույցները: Քաղաքաշինական նորմերի խախտումներով բենզալցակայանների գործունեությունը Երևանում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում»,- շեշտել է քաղաքապետը: 
 
Ընթացքում է Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու հիմնանորոգումը: Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր: 
 
Թիվ 5, 12 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել:
 
Ավարտական փուլում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը: Հանգստի գոտին  կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր՝ ջրավազաններով, շատրվանային համալիրով, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով ու նստարաններով:  
 
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն:
 
Նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կշրջանառվի: 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն