Բառացի այդ թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չի ասվել, կա քննարկվող պայմանագիր, որի կետերով առաջ ենք գնում․ Սիմոնյան


Բառացի այդ թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չի ասվել, կա քննարկվող պայմանագիր, որի կետերով առաջ ենք գնում․ Սիմոնյան

  • 15-01-2024 15:43:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
 
«Ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել. բանակցությունները, փոխանակումը շարունակվում են, և դրական առումով կարելի է ասել, որ զարգացում կա, իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, այն փոխանակված փաստաթղթերից, թեզերից, որոնք որ տեղ են գտել: Դա հաճախ անհասկանալի է: Հետընթաց չկա. զարմանք և տարակուսանք կա այն հռետորաբանության վերաբերյալ, որի մասին վարչապետն իր արձագանքը տվեց»,- ասել է նա: 
 
Անդրադառնալով հարցին, թե այդ հայտարարություններից հետո ինչի՛ մասին են բանակցությունները, Ալեն Սիմոնյանը նկատել է․ «Բանակցությունները խաղաղության մասին են: Կողմերը պարտավորվում են մի քայլ ամեն մեկը հետ անել. ամբողջ պայմանագիրը և ամբողջ թեզերը, որոնք որ կան, վերաբերում են երկու կողմերին: Չկա թեզ, չկա մի բան պայմանագրի մեջ, որ, օրինակ, վերաբերում է մի կողմին, մենակ Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի: Երբ որ խոսքը զորքերի հետքաշման մասին է, խոսվում է հայելայինի մասին: Երբ որ խոսքը ինչ-որ տարածքների մասին է, մի տեղ Հայաստանն է, մի տեղ՝ Ադրբեջանը, բոլոր թեզերը վերաբերում են հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Հայաստանին: Չկա որևէ կետ, որտեղ ասվում է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պայմանավորվում է»:
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ընդունմանը, ապա ԱԺ նախագահն ընդգծեց․ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություն է արել, հրապարակային արել է. ՌԴ նախագահի ներկայությամբ, նաև իր հարցազրույցների ժամանակ: Եթե խոսքը 29800 քառակուսի կիլոմետրի մասին է, այո՛, բառացի այդ թիվը չի ասվել, և մենք սպասում ենք և ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, բայց դրա բացատրությունը և պատճառները ադրբեջանական կողմի այն է, որ առանց սահմանագծման, սահմանազատման դեռ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց: Միգուցե դա պահում են ինչ-որ ձևով սակարկման կամ հետագա բանակցությունների համար, բայց ասել հետընթաց՝ նշանակում է, որ ինչ-որ բան է եղել, և դրանից հետ ենք կանգնել: Ես կարող եմ ասել, որ կա պայմանագիր քննարկվող, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը