ՀԾԿՀ–ն չի ցանկանում թույլ տալ ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում


ՀԾԿՀ–ն չի ցանկանում թույլ տալ ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում

  • 15-01-2024 16:00:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. «ՄՏՍ»–ը ցանկանում է ավելի թափանցիկ դարձնել «ՄՏՍ Հայաստանի» սեփականությունը՝ շղթայից հանելով օֆշորային ընկերությանը։ ՀՀ–ն չի ուզում թույլ տալ այս գործարքը` հաշվի առնելով, որ «ՄՏՍ»–ը, միևնույն է, նպատակ ունի օպերատորին վաճառել այլ ընկերության, որը նույնպես օֆշորային է:
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մերժել ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» (ՄՏՍ) կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ: Այս մասին որոշման նախագիծը դրվել է հանձնաժողովի` հունվարի 17–ին կայանալիք նիստի օրակարգում:
 
«ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից, որը պատկանում է հենց իրեն: Եթե նախկինում ՀՀ–ում գործող դուստր օպերատորը «ՄՏՍ»–ին էր պատկանում Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով (ՄՏՍ – Արամայո – ՄՏՍ Հայաստան), ապա այժմ ցանկանում էր այդ ընկերությունը դուրս բերել շղթայից՝ սեփականությունը դարձնելով ուղղակի («ՄՏՍ»–«ՄՏՍ Հայաստան»): Զուգահեռ, «ՄՏՍ»–ը հայտ է ներկայացրել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մասին Fedilco Group Limited ընկերությանը, որը նույնպես գրանցված է Կիպրոսում։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀԾԿՀ–ին ուղղված իր եզրակացության մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»–ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ–ում։
 
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ–ն հավանություն էր տվել ռուսական «ՄՏՍ» ՓԲԸ–ի հայտին՝ «ՄՏՍ Հայաստանը» կիպրական «Fedilco Group Ltd»–ին վաճառելու մասին։ Վաճառքի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 2022 թ–ից։ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` Fedilco–ի սեփականատերեր են համարվում նաև Կիպրոսում գրանցված օֆշորային այլ ընկերություններ:
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ մասնագետները նշեցին, որ փաստացի վաճառքը դեռևս չի կայացել։ 2023 թ. նոյեմբերից սկսած` «ՄՏՍ»–ին և «Fedilco»–ին տրվել է վեց ամիս` գործարքն ավարտելու համար, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել կրկնակի թույլտվության:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը