ՀԾԿՀ–ն մերժեց ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը Հայաստանում


ՀԾԿՀ–ն մերժեց ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը Հայաստանում

  • 17-01-2024 12:21:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀԾԿՀ–ի որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը։
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» (ՄՏՍ) կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ: Այս մասին որոշում կայացվեց հանձնաժողովի նիստում:
 
Հայտը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սեպտեմբերին ռուսական ՄՏՍ-ը ցանկացել է «ՄՏՍ Հայաստանը» վաճառել մեկ այլ սեփականատիրոջ՝ Կիպրոսում գրանցված Fedilco ընկերությանը։
 
Ինչպես նիստում նշեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, դիմումը մերժվել է հենց այն պատճառաբանությամբ, որ ՄՏՍ-ն արդեն իսկ պատրաստվում է վաճառել իր հայկական ընկերությունը, ուստի իմաստ չունի թույլ տալ նրան վերակազմակերպվել։
 
Նա պարզաբանել է, որ եթե ՄՏՍ–ն ու Fedilco-ն հրաժարվեն գործարքից, ապա հնարավոր կլինի վերադառնալ վերակառուցման հարցին։
 
ՀԾԿՀ–ի որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որի մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, ինչպես նաև ելնելով պետական շահերից՝ չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»–ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ–ում։
 
Նշենք, որ «ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից, որը պատկանում է հենց իրեն: Եթե նախկինում ՀՀ–ում գործող դուստր օպերատորը «ՄՏՍ»–ին էր պատկանում Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով (ՄՏՍ – Արամայո – ՄՏՍ Հայաստան), ապա այժմ ցանկանում էր այդ ընկերությունը դուրս բերել շղթայից՝ սեփականությունը դարձնելով ուղղակի («ՄՏՍ»–«ՄՏՍ Հայաստան»): Զուգահեռ, «ՄՏՍ»–ը հայտ է ներկայացրել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մասին Fedilco Group Limited ընկերությանը, որը նույնպես գրանցված է Կիպրոսում։
 
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ–ն հավանություն էր տվել ռուսական «ՄՏՍ» ՓԲԸ–ի հայտին՝ «ՄՏՍ Հայաստանը» կիպրական «Fedilco Group Ltd»–ին վաճառելու մասին։ Վաճառքի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 2022 թ–ից։ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` Fedilco–ի սեփականատերեր են համարվում նաև Կիպրոսում գրանցված օֆշորային այլ ընկերություններ:
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ մասնագետները նշեցին, որ փաստացի վաճառքը դեռևս չի կայացել։ 2023 թ. նոյեմբերին «ՄՏՍ»–ին և «Fedilco»–ին տրվել է վեց ամիս` գործարքն ավարտելու համար, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել կրկնակի թույլտվության:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը