AMCA-ն Հաշտարարների օրվան նվիրված միջոցառում էր նախաձեռնել


AMCA-ն Հաշտարարների օրվան նվիրված միջոցառում էր նախաձեռնել

  • 25-01-2024 15:26:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի՛ գործընկերներ, 
Արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնը հունվարի 21-ին Հաշտարարների օրվան նվիրված միջոցառում էր նախաձեռնել։ Նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն մեր երկրում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը, ձևավորել շփման, փորձի փոխանակման հարթակ, նախանշել արդյունավետ համագործակցության ուղիներ։ 
 
Միջոցառմանը ներկա էին, հաշտարարներ, փաստաբաններ, դատավորներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ 
 
Եվրոպայում հաշտարարության ինստիտուտի ներդրման ու զարգացման գործընթացը սկիզբ է առել 1998 թվականի հունվարի 21-ին, երբ Եվրոպայի խորհրդի կողմից հաստատվեց հաշտարարության վերաբերյալ առաջին օրենքը։ Հայաստանում հաշտարարության ինստիտուտը, որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդ, առաջին անգամ ներդրվեց  2015 թվականին՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Ինստիտուտի զարգացման նպատակով վերջին տարիներին պետությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում։ 
 
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ևս իր գործունեությունում առաջնահերթություն է սահմանել նաև հաշտարարների արտոնագրման գործընթացին աջակցելը, որը կարող է մեծապես նպաստել ոլորտի զարգացմանը։ 
 
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանը միջոցառմանն իր ելույթում կարևորեց այն հանգամանքը, որ այլ առաջատար երկրների շարքում՝ այսօր նաև Հայաստանն է նշում Հաշտարարների օրը, ինչը ուղջունելի է.
 
«Չնայած այն հանգամանքին, որ հաշտարարության ինստիտուտն այդքան էլ տարածված չէ մեր երկրում և դատական գործընթացը շարունակում է մնալ վեճերի լուծման հիմնական եղանակը, այնուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել, որ հաշտարարությունը մնում է վեճերի այլընտրանքային լուծման կարևորագույն միջոցներից մեկը և հաշտարարության ինստիտուտի սահուն զարգացումը միայն ու միայն օգտավետ է լինելու մեր հասարակության համար։ Այսօր, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հավատարիմ մնալով վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում տարածելու իր նպատակին, իր ջանքերն ամբողջությամբ ուղղում է հաշտարարության ինստիտուտի զարգացմանն ու դրա դրական կողմերի և արդյունավետության մասին հանրության իրազեկմանն ուղղված միջոցառումների անցկացմանը»,- հավելեց Տաթևիկ Մատինյանը։ 
 
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև AMCA-ի հաշտարարության կանոններն ու Կենտրոնի հաշտարարների ցանկը։ 
 
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն իր ելույթում նշեց.
 
«Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, այդ թվում՝ հաշտարարության զարգացումը նախատեսված է ինչպես Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրով: Շնորհիվ ավելի ճկուն, արդյունավետ և հեռանկարային մեխանիզմների, ինչպես նաև դատարանների գերբեռնվածությունը նվազեցնելու մեծ ներուժի, պատահական չէ, որ  այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթության է: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումից հետո մշակվել են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հաշտարարության կանոնները, և, մեր կարծիքով, կենտրոնը կարող է էական դեր ունենալ Հայաստանում հաշտարարության զարգացման գործում ու հարթակ հանդիսանալ վեճի կողմերի և հաշարարների միջև»։ 
 
Վերջին տարվա ընթացքում Արդարադատության նախարարության ջանքերով մի շարք հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում հաշտարարության գործածելիության մակարդակը բարձրացնելու նպատակով, այդ թվում՝ մշակվել և ընդունվել են «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխությունների կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը, որոնցով սահմանվել են անհրաժեշտ պայմաններ և կառուցակարգեր նոր հաշտարարներ ներգրավելու, նրանց ուսուցումն ու վերապատրաստումն իրականացնելու, հաշտարարների ռեեստրի վարման և ընտրության և առցանց հաշտարարության իրականացման համար։ 
 
Հաշտարարության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ վիճող կողմերը կարողանում են ստանալ իրենց խնդրի լուծում բոլորի համար երաշխավորելով բարենպաստ ելք, ինչպես նաև խուսափել հարաբերությունների հետագա վատացումից, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաների խնամքին և աշխատանքային հարաբերություններում առաջացած տարաձայնություններին։ Թեև հաշտարարության իրականացումը նպատակ ունի ուղղակիորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, սակայն Հաշտարարության ինստիտուտի խթանման և կայացման գործում մեծ է դատարանների և փաստաբանների դերը։ 
 
2015 թվականից արտոնագրված հաշտարար, փաստաբան Վանիկ Մարգարյանի կարծիքով, Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացումը մեծ ներուժ ունի.
 
«Տարիներ շարունակ հաշտարարության ոլորտին բավականաչափ ուշադրություն չի դարձվել, սակայն ողջունելի է, որ ոլորտի զարգացումն արդեն պետական ինստիտուտների առաջնահերթություններից է։ Իհարկե, դրական է, որ արդեն վերսկսվել է հաշտարարների որակավորման գործընթացը։ Եթե արտոնագրված հաշտարարների քանակն ավելանա, աստիճանաբար կխթանվի նաև պարտադիր հաշտարարությունը։ Հաշտարարությունը համակարգային լուծումներ է տալիս, այն ավելի քիչ ռեսուրսատար է, օգնում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և վեճերի այլընտրանքային լուծման մշակույթ է զարգացնում»,-նշեց Վանիկ Մարգարյանն ու հավելեց,-«Շատ կարևոր եմ համարում նաև AMCA-ի նման կառույցների ստեղծումը, քանի որ մինչ այդ մենք չունեինք այնպիսի կենտրոններ, որոնք հաշտարարներին կտրամադրեին քարտուղարություն, գործերի վարման հետ կապված ծառայություններ և աջակցություն։ Այս համատեքստում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտորնի դերը մեծ է։ Իսկ նման միջոցառումները մասնագիտական հանրույթով ոլորտային հիմնախնդիրներ ու զարգացման հեռանկարներ քննարկելու հետաքրքիր հարթակ են»։ 
 
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հարց պատասխան քննարկում։  
 
***
 
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ստեղծվել է 2023 թվականի մայիսին։ Կենտրոնի ստեղծման որոշումը ստորագրվել է կենտրոնի  հիմնադիրների՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության կողմից։ AMCA-ի արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները։ 
 
AMCA-ի նպատակն է զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի լուծման հարթակի համբավը, ինչպես նաեւ նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ AMCA-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ արբիտրաժ, հաշտարարություն, խորհրդատվություն, դասընթացներ և վերապատրաստումներ։ AMCA-ն իր պրոֆեսիոնալ, գիտակ, ոլորտային մասնագիտացած, տեղի և միջազգային արբիտրների ու հաշտարարների շնորհիվ՝ իրականացնում է արագ, արդար ու պրոֆեսիոնալ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play