Ադրբեջանի հերթական ագրեսիան Սյունիքում և հնարավոր նոր ընտրությունները Հայաստանում


Ադրբեջանի հերթական ագրեսիան Սյունիքում և հնարավոր նոր ընտրությունները Հայաստանում

  • 23-02-2024 14:07:38   | Հայաստան  |  Քաղաքական

 
Մտորումներ քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանի հետ։
 
Այս շաբաթվա հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք երեք թեմաների․ նախ՝  Իլհամ Ալիևի՝  Հայաստանի դեմ Սյունիքում հերթական ագրեսիային, հետո՝ այս տարի ամենայն հավանականությամբ կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Եվ ի վերջո կեզրափակենք Հայաստանի խորհրդարան ներկայացված ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագծի քննարկման անդրադարձով:
 
Ներքին Հանդ գյուղում օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան  Ալիևի զինյալների կողմից 4 հայ զինվորի սպանության պատճառ դարձավ։ Սա նախապատմություն ունի: Ինչպես նախկինում, այս բոլոր ագրեսիաները ուղեկցվում են մի շարք գործողություններով։ Դրանցից առաջինն այն էր, որ Բաքվում ԵՄ դեսպանին կանչել են ԱԳՆ ՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ ներկայացուցչության աշխատանքից։ Դրան անմիջապես հաջորդեց հարձակումը։
 
Հատկանշական է, որ այս հարձակումը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ գտնվում են ռուս զինվորներն: Իրականում ռուս զինվորները Սյունիքում ամենուր են, ինչը փաստացի խանգարել Է ԵՄ ներկայացուցիչներին՝ ժամանել այդ վայր: 
 
Ավելին՝ դրան նախորդել են կրկին կեղծ տեղեկություններ սահմանին հայկական կողմից կրակոցների մասին, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը ։ Եվ հետաքրքիրն այն է, որ դա տեղի ունեցավ 10 օր անց այն բանից հետո, երբ Հայաստանը Բաքվի ռեժիմին փաստացի հանձնեց ականների քարտեզները  որպես «բարի կամքի ժեստ »։
 
Այս ամենը վերլուծելիս կարելի է ասել, որ սա նախ և առաջ ագրեսիայի դեմ զիջումների մի շղթա է,  որի ականատեսն ենք 2020 թվականի նոյեմբերից։ Եվ իրականում Բաքվի ռեժիմից այլ բան սպասելն զուր է, քանի դեռ այնտեղի ռեժիմը չի վախենում մեր չար կամքի ժեստերից։
 
Այժմ անդրադառնանք շաբաթվա երկրորդ թեմային, այն է՝ այս տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը։ Սա ունի նախապատմություն․ անցյալ շաբաթ Հայկ Մարությանը ՝ Հայաստանի քաղաքային խորհրդում ընդդիմության առաջնորդներից մեկը,  և Երևանի նախկին քաղաքապետը, հեռացվել են քաղխորհրդից՝ չներկայանալու համար։ Երբեք կողմ չեմ եղել նմանատիպ հեռացումներին, բայց չեմ հասկանում նաև մանդատի համար պայքարելը, այն ստանալը,  այնուհետև բոյկոտելն այն տեղը, որտեղ պետք է ծառայել: Մենք դրա ականատեսն ենք եղել նաև խորհրդարանում․ դա այնքան էլ իմաստ չունի։ 
 
 Բայց իրականում ի՛նչը կարող է հանգեցնել մինչև այս տարվա վերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կայացմանը։ Այդ նշանները ամենուր են․ նախ և առաջ,  եթե դիտարկենք վարչապետին և նրա գործողությունները, ապա կհասկանաք, որ նա  նախընտրական քարոզարշավի մեջ է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա շրջում երկրով մեկ, այցելում շինհրապարակներ,  նկատողություններ է անում, կշտամբում է տեղական պաշտոնյաներին անորակ աշխատանքի համար, աշխատանքից հեռացնում տեղի մարզպետներին։ 
 
Ավելի զվարճալին այն է , որ վարչապետին տեսնումն ենք իր այդ բանվորական հիմար գլխարկով։ Չգիտենք էլ, թե դա ինչ է, բայց վարչապետը այն կրում է նույնիսկ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, երբ նա մտնում է այդ ժողովրդահաճո ռեժիմի մեջ․ պարզ է, որ ընտրություններ են սպասվում։
 
Վերադառնալով  Հայկ Մարությանին՝ նշենք, որ քաղաքապետարանից հեռացվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել վարչապետի պաշտոնում, երբ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Իրականությունն այն է, որ պարոն Մարությանն իրականում ամենավատ արդյունքն է ցույց տվել քաղաքապետի ընտրություններում հիմնականում այն պատճառով, որ, անկեղծ ասած, նա նույնիսկ չի մասնակցել քարոզարշավին: Նա շատ սիրված քաղաքապետ էր և նախկինում քաղաքական հարցումներում առաջին տեղում էր, բայց մյուս կողմից բավականին թույլ թեկնածուի դեմ դուրս գալով ՝ նա զգալիորեն հետ էր մնում: 
 
Այնուամենայնիվ, եթե նա մտադրվի և ագրեսիվ քարոզարշավ իրականացնի, իսկապես կունենա ժողովրդական աջակցության բազա հատկապես Երևանում․ նա շատ հայտնի է նաև շոուբիզնեսի ոլորտում իր աշխատանքի շնորհիվ։ Ողջամիտ գործելու դեպքում՝ հաջորդ ընտրություններում նա կարող է շատ լուրջ մարտահրավերներ նետել այս իշխանությանը։ 
 
Հիմա դիտարկենք, թե ինչու է վարչապետը նշանակել ընտրությունները դրանց նախատեսված ժամկետից 1,5-2 տարի առաջ , որն իրականում տեխնիկապես պետք է տեղի ունենա 2026 թվականին։ Առաջին հերթին ընդդիմությունը, որն այս պահին երկրի մեծամասնությունն է, դեռևս մասնատված է և համախմբված չէ կազմակերպված քաղաքական ուժերի մեջ, որոնք իսկապես կարող են մարտահրավեր նետել նրան ։ Երկրորդ ՝ տնտեսության մեջ գործերը շատ լավ են ընթանում։ Փաստորեն, վերջին հինգ տարիների ընթացքում մեկ շնչի հաշվով տնտեսական ազգային եկամուտը իրականում կրկնապատկվել է:
 
Այսպիսով՝ տնտեսական տեսանկյունից , չնայած տարաբնույթ խնդիրներին, Փաշինյանը դրական արդյունք է գրանցել:
 
Վարչապետը կարող է իրականում նախընտրել չունենալ բացարձակ մեծամասնություն և փոխարենը նպատակ ունի ղեկավարել կոալիցիոն կառավարություն, որտեղ պատասխանատվությունը կիսում է այլ քաղաքական դերակատարների հետ: Այս մոտեցումը կարող է օգնել հետագա ընտրություններում ներկայիս ընդդիմությանը մարգինալացնել՝ նոր քաղաքական գործիչների ներգրավելով և պոտենցիալ նվազեցնելով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ՀՅԴ կուսակցության ղեկավարած խմբերի ազդեցությունը:
 
Եվ միևնույն ժամանակ վարչապետը  ցանկանում է խորհրդարանում ունենալ ընդդիմություն, որն ավելի հակառուսական է, քան ինքը, քանի որ դա նրան ստիպում է շատ ավելի խելամիտ թվալ ռուսական պետության հետ իր բոլոր արտաքին քաղաքական հարաբերություններում:
 
Ամփոփելով այս թեման՝ նշենք,  որ ոչ մի երաշխիք չկա, որ վարչապետի նպատակները կիրականանան։ Քաղաքականությունը միշտ լի է X-գործոններով, և Հայաստանի նման վայրում այդ X-գործոններից շատերը փաստացի վերահսկվում են օտարերկրյա տերությունների կողմից ․  լինի դա Բաքվում, Մոսկվայում, թե այլուր:
 
Երկրորդ ՝ Արցախում էթնիկ զտումներից և ցեղասպանությունից հետո  սրանք կլինեն առաջին ընտրությունները Հայաստանում ։  Մինչ այժմ մեղքի մեծ մասը դրվել է ռուսական պետության և այն փաստի վրա, որ այն թույլ է տվել էթնիկ զտումներ և ցեղասպանություն: Սակայն ռուսները չեն լինելու  քվեաթերթիկում։ Քվեաթերթիկում լինելու է վարչապետը, և նա է լինելու այն կուսակցությունը, որը պատասխանատվություն է կրելու անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների և վայրագությունների համար:
 
Եվ վերջապես դա կարող է հանգեցնել նրան, ինչին ականատես եղանք քաղաքապետի ընտրություններում, երբ որպես բողոքի միջոց մարդիկ իրենց քվեները տալիս են շատ մարգինալ քաղաքական գործիչների, որոնք իրականում կարող են մեր քաղաքական համակարգ բերել ուժեր, որոնք շատ ավելի անկայուն են:
 
Այժմ անդրադառնանք շաբաթվա երրորդ և վերջին թեմային ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրինագծին, որն անցյալ շաբաթ ներկայացվել էր Հայաստանի խորհրդարանում: Անցած չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանը վաթսուներեք կողմ, երեսուներկու դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց օրինագծին, որը գրել էր պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ով իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ է:
 
Օրինագծի հեղինակը խորհրդարանին տեղեկացրել է, որ իր օրենսդրությունն ուղղված է Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենքների արդյունավետության և պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելմանը։ Օրինագիծը նաև ներառում է կուսության ստուգման արգելումը և այն սահմանում՝ որպես բռնության ձև։
 
Օրենքը նպատակ ունի պաշտպանել երեխաներին և սահմանում է այդ պաշտպանության ժամկետները, ինչպես նաև սահմանում է անվճար բժշկական օգնություն ընտանեկան բռնության զոհերի համար և այլ կանոնակարգեր: Ընդդիմադիր առաջատար պատգամավոր Արմինե Կյուրեղյանը հավանություն չի տալիս կուսությունը ստուգելու արգելքին: Նա նշեց, որ սա լուրջ մշակութային խնդիր է, այսինքն ՝ կուսությունը ստուգելու համար մշակութային մեծ աջակցություն կա:
 
Իրականում կուսության ստուգումը  ուժեղ մշակութային խնդիր չէ․ դա իրականում ուժեղ հիմարության խնդիր է:
 
Օրենսդրության հեղինակ Զարուհի Բաթոյանը փաստացի արձագանքեց նրան՝ ասելով, որ այս օրինագիծն իրականում ընտանեկան արժեքների մասին է, ոչ թե դրան դեմ է , մենք պետք է այլ կերպ վերաբերվենք ընտանեկան բռնությանը։ Սա բռնության սովորական տեսակ չէ:
 
Պատահական չէ, որ նոր օրենքը սահմանում է ընտանիքի անդամ համարվող մարդկանց շրջանակը՝ ընդգծելով լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր ողջամիտ մարդ կաջակցի այս օրենսդրությանը։ Ցավալի փաստն այն է, որ հայ կանանց համար ամենաանապահով վայրերից մեկը այս երկրում իրենց սեփական տունն է:
 
Իսկ ինչ վերաբերում է կուսության ստուգմանը, ապա այն պետք է արգելվի, քանի որ դա բացարձակ խայտառակություն է, և մենք իրավունք չունենք որևէ կնոջ դնելու այդ նվաստացուցիչ իրավիճակի մեջ:
 
Եզրափակելով՝ կարևոր է պահպանել ընտանեկան արժեքները և մեր մշակութային ավանդույթները: Օրինակ՝ այն հարգանքը, որը մենք տածում ենք մեր մեծերի նկատմամբ և այն, որ ունենք հասարակություն, որը կարող է ազատություն առաջարկել առանց օտարման՝ միաժամանակ թույլ տալով մեզ և՛ մենակություն, և՛ համերաշխություն:
 
Բայց միևնույն ժամանակ, մենք չպետք է հանդուրժենք որևէ մեկին, ով թաքնվում է ընտանեկան արժեքների դրոշի հետևում և պաշտպանում է կանանց նկատմամբ բռնությունը։
 
Թարգմանված է Անի Հարությունյանի և Էվելինա Հակոբյանի կողմից։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play