Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել․ Իրանի ԱԳ նախարար


Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել․ Իրանի ԱԳ նախարար

  • 06-03-2024 12:45:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել, Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
 
Ըստ իրանական IRNA գործակալության՝ Աբդոլլահիանը շեշտել է՝ «երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ»։
 
Թե ինչ համագործակցության մասին է խոսքը, գործակալությունը չի մանրամասնում։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատանքը վերականգնելու շուրջ։
 
Դեռ անցած տարեվերջին Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին էր նաև հայտարարել, թե կողմերը միակարծիք են Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքը վերականգնելու հարցում։
 
Թեհրանում 2023-ի հունվարին զինված հարձակում կատարվեց Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին, հարձակվողը ձերբակալվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպն ահաբեկչություն որակեց։ Ադրբեջանի արտգործնախարարությունն Իրանի իշխանություններին մեղադրեց դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ, ապա տարհանեց դիվանագետներին Ադրբեջան։
 
Իսկ առհասարակ սառը հարաբերություններ ունեցող հարևանների միջև լարվածությունը սրվել էր ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց փակել Իրանից Հայաստան տանող ճանապարհը, հետո էլ պահանջեց Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Թեհրանը շարունակաբար ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է համարում, հետո էլ լայնածավալ զորավարժություններ անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Թեհրանը դատապարտում է նաև Ադրբեջանի և իր վաղեմի հակառակորդ Իսրայելի միջև դիվանագիտական մերձեցումը՝ Բաքվին մեղադրելով Իրանի դեմ դավադրություններում ներքաշվելու մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play