Հայաստանում բացի ԼՂ-ից բռնի տեղահանվածներից, կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնց խնդիրները ևս լուծման կարիք ունեն. Չախոյան


Հայաստանում բացի ԼՂ-ից բռնի տեղահանվածներից, կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնց խնդիրները ևս լուծման կարիք ունեն. Չախոյան

  • 12-03-2024 12:20:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ տեղահանված բնակչության շրջանում հնչող այն դժգոհություններին, թե ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը չեն գոհացնում:
 
Այս համատեքստում Չախոյանը նկատել է, որ որքան էլ մեծ է Կառավարության ցանկությունը՝ լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական ու բնակարանային խնդիրները, սակայն ՀՀ-ի կարողությունները սահմանափակ են։ Ըստ նրա՝ դրանք սահմանափակվում են հարկերի տեսքով հավաքագրված բյուջեով:
 
«Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում բացի ԼՂ-ից բռնի տեղահանվածներից, կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնց թոշակների, նպաստների, աշխատավարձերի, առողջապահական, ուսումնական և ինչու ոչ բնակարանային խնդիրները ևս պետք է լուծել, գումարած երկրի անվտանգային խնդիրները։ Տարատեսակ քաղաքական սադրիչներին տրվելով, փողոց դուրս գալով, հանրահավաքներ անելով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ավելի շատ խնդիրներ կստեղծեն, քան լուծումներ կգտնեն իրենց խնդիրներին։
 
Նույն հանրահավաքների կազմակերպիչները ժամանակին Ղարաբաղում ունեին բոլոր լծակները՝ հարցեր լուծելու, արդյունքը շատ ողբերգալի ստացվեց։ Հիմա նույնը փորձում են անել Հայաստանում»,- գրել է նա:
 
ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ ս.թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա ԼՂ ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը:
 
Բեգլարյանը նշել է, որ հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել ԼՂ ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ ԼՂ ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play