Բրյանսկի մարզում կանգնեցվել է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետ կապված ավտոմեքենան. ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվել է երկու մարդ


Բրյանսկի մարզում կանգնեցվել է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետ կապված ավտոմեքենան. ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվել է երկու մարդ

  • 23-03-2024 13:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
hetq. Իրավապահ մարմինների աշխատակիցները ՌԴ Բրյանսկի մարզում կանգնեցրել են ավտոմեքենան, որը հետախուզվում էր «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Այդ մասին հայտնում են տելեգրամյան Baza և «Осторожно, новости» ալիքները։ Այլ աղբյուրներ դեռ չեն հաստատել այս տեղեկատվությունը: Ռուսական իշխանությունները դա ևս չեն հաստատել։
 
Baza-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործներին տեղափոխող մեքենան կանգնեցրել են Տյոպլի գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մեքենայում, ըստ նախնական տվյալների, եղել է 6 մարդ, նրանցից երկուսին ձերբակալել են, մյուսները փախել են։
 
Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ իրավապահ մարմինները որոնում են սպիտակ Renault ավտոմեքենա, որով կարող էին փախած լինել հարձակում գործած անձինք։ Հաղորդվել էր նաև մոխրագույն Renault ավտոմեքենայի հետախուզման մասին։
 
Տելեգրամյան Astra ալիքն էլ պնդում է, որ ոստիկանությունը կասկածյալների վերաբերյալ հստակ կողմնորոշիչներ չունի։ «Տվյալներ ունեն Renault տեսակի երկու  ավտոմեքենաների վերաբերյալ, որոնցով, ենթադրաբար, կարող էին տեղաշարժվել հանցագործները։ Ահաբեկչություն իրականացրած անձանց վերաբերյալ այլ տվյալներ չկան»,- հայտնել է ալիքի աղբյուրը։
 
Միևնույն ժամանակ, տելեգրամյան «Осторожно, новости» ալիքը հրապարակել է այն անձանց լուսանկարները, որոնք, ենթադրաբար, տեղաշարժվում էին Բրյանսկի մարզում կանգնեցված ավտոմեքենայով։ Նշվում է, որ նրանք բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։
 
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 60 մարդ, տուժել՝ ավելի քան 140-ը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, որը մեջբերում է «112» տելեգրամյան ալիքը, զոհվել է 82 մարդ, տուժել՝ 183-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play