Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար


Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար

  • 28-03-2024 15:40:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդից կհատկացվի 19 միլիոն դրամ՝ Գազայի հատվածում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված՝ ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1,5 միլիոն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
 
Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մարդասիրական օգնություն՝ մթերք և դեղեր՝ հասցեագրելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները: Հումանիտար բեռում լինելու են պահածոյացված մթերք, չոր սնունդ, դեղեր, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ:
 
«Ընդհանուր առմամբ՝ մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա: Զուգահեռաբար, քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովում է Պաշտպանության նախարարությունը, առաջարկվում է նաև ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ՝ աերոնավիգացիոն ծառայությունների, ավիացիոն վառելիքի և մնացյալ պրոցեսների կազմակերպման նպատակով»,- ասել է ՆԳ փոխնախարարը:
 
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը հիշեցրել է, որ հումանիտար բեռի առաքման վերաբերյալ հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ըստ վարչապետի՝ հարցեր էին ծագել լոգիստիկայի հետ կապված, և հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակիչներին հասցնելու հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության անհրաժեշտությունն էր առաջացել: «Այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև մենք չենք կարող իրադրության պատճառով բեռն ուղիղ հասցնել հենց Գազայի գոտի և հենց շահառուներին: Այդ պատճառով մենք նաև աշխատանքային մակարդակով Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»,-նշել է վարչապետը:
 
 
ՀՀ ՆԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play