Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց


Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց

  • 01-04-2024 12:28:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց, արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ն ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
 
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ պատրաստվո՞ւմ են ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ, ինչին Միրզոյանը պատասխանել է, որ համագործակցություն արդեն կա։
 
«Մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղապահների գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձև է», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
 
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա նախարար Միրզոյանը հարցազրույցում շեշտել է՝ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ։ Նա հիշեցրել է ՀՀ վարչապետի խոսքերը, թե «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։
 
. Հայաստանն ապրիլին առաջին անգամ մասնակցելու է Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների հավաքին։
 
. Եվրախորհրդարանը շուրջ երկու շաբաթ առաջ ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։
 
. Վարչապետը այնուհետև հորդորեց քաղաքական ու հասարակական ուժերին արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, Եվրամիությանը անդամակցության օրակարգով քննարկումներ սկսել։
 
. ԱԺ նախագահը, սակայն, նախորդ շաբաթ ասել էր, որ Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ։
 
. Մոտ 10 օր առաջ Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Խոսելով Հայաստանի ժողովրդավարական ու բարեփոխումների օրակարգից՝ Յենս Ստոլտենբերգը գնահատել էր նաև ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը։
 
Հայաստանի վարչապետը նշել էր, որ Երևանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը