«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի ղեկավարների տներում և գրասենյակներում հայտնաբերվել են ռազմական նշանակության իրեր


«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի ղեկավարների տներում և գրասենյակներում հայտնաբերվել են ռազմական նշանակության իրեր

  • 01-04-2024 14:38:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր:
 
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
 
«Օրերս ԱԺԲ-ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- հավելեց նա:
 
Ահաբեկչության այս գործով կա երեք մեղադրյալ:
 
Այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդել:
 
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվել  ավելի քան 40 վայրում:
 
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության» անդամներ, որոնք պահանջում էին, որ ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:
 
Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։
 
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը։
 
ԱԱԾ հատուկջոկատայիններին և ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված 3 անձին էլ: Նրանցից երկուսը կալանավորվել են, մեկը դեռ գտնվում է հիվանդանոցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը