Էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ. Մեթյու Միլլեր


Էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ. Մեթյու Միլլեր

  • 02-04-2024 10:30:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
 
Լրագրողի խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից առաջ մղվող՝ իբր հայկական կողմից էսկալացիային ուղղված ջանքերի վերաբերյալ պնդումներին, Միլլերն ընդգծել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նման բան չի արձանագրել՝ սահմանին, ըստ առաքելության, հանգիստ է և զորքերի ու հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան՝ «չնայած այդ հայտարարություններին»:
 
«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է», - նշել է Միլլերը:
 
Անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Բլինքեն -Փաշինյան -ֆոն դեր Լայեն հանդիպմանը, Պետդեպարտամենտի խոսնակը կրկին հիշեցրել է, որ այն Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և խաղաղ գործընթացն այս հանդիպման օրակարգում չէ:
 
«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը և աջակցել Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ», - ընդգծել է նա։
 
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատում»։ Երևանը հերքել էր։
 
Հայաստան - Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել էին ռազմական գերատեսչությունից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը