Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտուտ


Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտուտ

  • 04-04-2024 13:13:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կառույցը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին միջամտել կանխելու հետագա ագրեսիան Հայաստանի ժողովրդի նկատմամբ։
 
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Հայաստանի համար։
 
Կառույցը կարմիր դրոշի ահազանգ է տարածել` հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու տարածքային պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա վերջին հարձակումները։
 
«Տավուշի մարզում Ադրբեջանի տարածքային նկրտումները և տարածքային վեճի արդարացի կարգավորմանը հասնելու դժկամությունը, ինչը զուգորդված է սահմանագծման և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի հետ, մեծ տագնապ են առաջացնում: Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել ընթացիկ իրադարձություններով։
 
Անհրաժեշտ են անհապաղ միջազգային գործողություններ` հետագա ագրեսիան կանխելու և Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար։ Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և աջակցել միջազգային իրավունքին` կանխելու հերթական հումանիտար աղետը»,– ասված է հայտարարությունում։
 
Նշվում է, որ Ադրբեջանի նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային։
 
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Ադրբեջանը, կարծես, Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն է վարում։
 
Վերջին անգամ ինստիտուտը նման SOS ահազանգեր էր տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը