Ինչ սպասել Բրյուսելից․ մեծ քայլ՝ Հայաստանի համար


Ինչ սպասել Բրյուսելից․ մեծ քայլ՝ Հայաստանի համար

  • 05-04-2024 12:08:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես հայտնի է, այսօր՝ ապրիլի 5-ին՝ ժամը 14։00-ին, Բրյուսելում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախատեսված եռակողմ հանդիպումը:
 
Ինչ սպասել այս հանդիպումից․ սա հարց է, որ գրեթե բոլորին է հուզում։
 
«Հայկական ժամանակ»-ը առանձնացրել է մի շարք փաստական տվյալներ և հանդիպման մասին պաշտոնական մեկնաբանություններ, որոնք ներկայացնում ենք՝ ստորև.
 
Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ կարողացել է այնպիսի գործոն դառնալ, որ հնարավոր է դարձել այս մակարդակի նախադեպը չունեցող հանդիպումը:
 
Սա մեծ գործընթացի՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ՝ առայժմ բարեկամական հարաբերությունների սկիզբն է, որն իր արդյունքը տալու է ապագայում, հետևաբար պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից անմիջապես հետո:
 
Հանդիպման օրակարգում անվտանգության և տարածաշրջանային հարցեր չկան, այն միայն տնտեսական է։
 
Այս հանդիպման մասին ազդարարվել է, ըստ էության, դեռևս անցած տարի Գրանադայում՝ Փաշինյան-Ֆոն դեռ Լայեն բանակցության ժամանակ, իսկ դրան հաջորդած հայտարարության մեջ որևէ բառ չի եղել ռազմական բաղադրիչի մասին:
 
Հանդիպումը դիվերսիֆիկացիայի հնարավորություն է ՀՀ տնտեսության համար։
 
Վերջին օրերին հակառակորդ ուժերը թեզ են տարածում, թե Բրյուսելում իբր լինելու է ռազմական բաղադրիչ, իսկ հանդիպումից հետո կազդարարեն իրենց «հաղթանակը», թե իբրև իրենց գործադրած ջանքերի շնորհիվ ռազմական բաղադրիչը դուրս մնաց քննարկումից։
 
Ապրիլի 5-ը նպատակ չունի հակադրվելու տարածաշրջանին, արդյունքները հստակ դրա մասին կազդարարեն, պետք է չեզոքացնել այս ուղղությամբ տանելու փորձերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը