Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ․Ուրսուլա ֆոն դեր Լայեն


Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ․Ուրսուլա ֆոն դեր Լայեն

  • 05-04-2024 14:36:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։
 
Այս մասին Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
 
«Անցած հոկտեմբերին խոստում էինք կատարել, այն է՝ ուս ուսի կանգել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ խոստացել էինք մեր համագործակցության համար տեսլական մշակել։ Այսօր հենց դա ենք քննարկել․ սա ԵՄ-ի կողմից հիմված է լինելու Հայաստանի համար դիմակայության և զարգացման տեսլականի վրա»,- ասաց նա։
 
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես՝ Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։
 
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաև միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։
 
Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական և ներդրումային ծրագրի մասին։
 
«Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, և մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր և արագացնենք իրականացումը»,- ասաց Ֆոն դեր Լայենը։
 
Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին և վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության և ֆինանսավորման միջոցով։
 
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ և համախոհ գործընկեր այս ջանքերում։
 
«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը