Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի


Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի

  • 08-04-2024 15:51:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուրը հաստատեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից, նշելով, որ հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում:
 
«Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի,  ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի  ընթացքում մարդասիրական, բարեգործական  ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:
 
Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:
 
Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և  գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա  հեղինակային խոշոր  նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու  բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է  համարվում նաև այն,  որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,-նշեցին գրասենյակից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը