Տիկին Ավանեսյան, ինչի՞ ձեզ բյուջե տանք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Ալեքսանյան


Տիկին Ավանեսյան, ինչի՞ ձեզ բյուջե տանք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Ալեքսանյան

  • 09-04-2024 13:19:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
 
«Հարցմամբ դիմել եմ նախարարություն՝ խնդրելով ինձ տրամադրել Երևանում գործող ԲԿ-ների 2023 թվականին ստացած պարգևավճարներն ու հավելավճարները: Պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով գործող ընկերությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամադրել նման տեղեկատվություն։
 
Ես՝ որպես քննիչ հանձնաժողովի անդամ, ծանոթ եմ և ծանոթացել եմ ՀՀ զինված ուժերի կիրառման պլանին, բայց 100 տոկոս պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարները ԱԺ պատգամավորի համար անհասանելի են, թե 100 տոկոս պետական մասնաբաժնով ընկերությունում ինչ հերթափոխով են աշխատում աշխատողները»,- ասաց նա:
 
Պատգամավորը նաև նկատեց, որ վերջերս դիմում-բողոքներ են ստանում անձանցից՝ բժշկական կենտրոնում աշխատաժամերի և հերթափոխների հետ կապված․ «Այդ մասով էլ ենք դիմում, ասում ենք՝ մարդիկ 32 ժամ աշխատելու հետ կապված բողոքներ ունեն, պարզվում է՝ դա էլ առևտրային գաղտնիք է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է հնարավոր, որ Զինված ուժերի հետ կապված գաղտնիքները պատգամավորներին հասանելի լինեն, բայց 100 տոկոս պետական բաժնով աշխատող ընկերությունները այդքան անհասանելի լինեն»։
 
Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները պետք է սկսեն աշխատել օրենսդրական նախաձեռնության շուրջ, որպեսզի 100 տոկոս պետական մասնաբաժնով աշխատող ԲԿ-ների տնօրենները դառնան հայտարարատու անձինք և հայտարարագրերը ներկայացնեն ԿԿՀ, այլ ոչ թե պետական եկամուտների կոմիտե: «Որովհետև դա նորմալ չէ, երբ 5 միլիարդ բյուջե կառավարող մարդը հրաժարվում է որոշակի թափանցիկություն տրամադրել ու հաշվետվողականություն Ազգային ժողովին։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանք պետք է տանենք»։
 
Դիմելով առողջապահության նախարարին՝ Ալեքսանյանն ասաց. «ԱԺ-ն բյուջե է հաստատում, դուք գալու եք ուզեք, ինչի պետք է կողմ քվեարկենք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում։ Բյուջեն հաստատելուց առաջ պետք է իմանանք, թե մի հոգին ինչքան պարգևավճար ու աշխատավարձ է ստանում։ Ես չեմ հասկանում այդ մոտեցումը»։
 
Առողջապահության նախարարն էլ, արձագանքելով Ալեքսանյանին, պարզաբանեց․ «Այո՛, տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, և եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, ապա դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիաների նկատմամբ։ Դուք կարող եք ունենալ հասանելիություն ռազմական բարձր տիպի հույժ գաղտնի ինֆորմացիայի մասով, բայց չեք կարող ինֆորմացիա ունենալ իմ բժշկական տվյալների մասին»։
 
Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, ապա, ըստ նախարարի, Կառավարությունն այդ մասով որոշակի փոփոխություն է արել, որոնց վերաբերյալ հասանելիությունը կլինի օրենքի ուժով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը