ԱԺ փակ նիստը կայացել է. Ալեն Սիմոնյանը մի շարք պատգամավորների թույլ չի տվել մասնակցել՝ նշելով պատճառը


ԱԺ փակ նիստը կայացել է. Ալեն Սիմոնյանը մի շարք պատգամավորների թույլ չի տվել մասնակցել՝ նշելով պատճառը

  • 09-04-2024 16:00:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։
 
Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ տեղեկացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
Հրատապ նիստի առաջարկով հանդես էին եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ընդդիմությունն առաջարկել էր հրատապ նիստի անցկացման համար Ազգային ժողով հրավիրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
 
Հաշվի առնելով այն, որ հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ, և հրապարակային քննարկումները կարող են ռիսկեր առաջացնել ՀՀ պետական անվտանգության տեսանկյունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկել էր կողմ քվեարկել նիստը փակ ձևաչափով անցկացնելու առաջարկին:
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նկատել է՝ եթե հիմնավորումը ազգային անվտանգությունն է, և եթե համազեկուցողները կարող են ներկայացնել փակ տեղեկատվություն, ապա դահլիճում նստածների մոտ կան հեռախոսներ, և փակ տեղեկատվությունը կարող է տեսանկարահանվել կամ ձայնագրվել:
 
Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով Գեղամ Մանուկյանի նկատառումը, խնդրել է հեռախոսները չմտցնել դահլիճ, նաև նշել է. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, այն մասով, որոնք գաղտնի չեն և հանրությանը վերաբերելի են, ՀՀ իշխանությունները ներկայացնում են: ՀՀ ընդդիմությունը դրանից գոհ չէ, և ՀՀ ընդդիմությունը նախաձեռնել է այս լսումները, և ՀՀ իշխող մեծամասնության իրավունքն է, հաշվի առնելով բովանդակությունը, նման առաջարկով հանդես գալ և դնել դա քվեարկության»:
 
Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ կան պատգամավորներ, որոնք փակ նիստին մասնակցելու իրավունք չունեն: Նրանցից մեկը ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանն է, որը նոր է մանդատ ստացել:
 
«Չեն կարող նիստին մասնակցել Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը: Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, և ես չեմ կարող, Ձեզ հարգելով, այնուամենայնիվ, օրենք խախտել, որովհետև հետո ինձ հարցեր կլինեն, թե ինչու են փակ նիստի մասնակցել մարդիկ, որոնք չունեն գաղտնիության թույլտվություն»,- ասել է Սիմոնյանը և խնդրել, որ վերոնշյալ պատգամավորները լքեն դահլիճը, մյուսները մնան առանց հեռախոսների, իսկ լրագրողներին խնդրել է հեռանալ օթյակից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը