Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ Կոստանյան
11-04-2024 10:46:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. ԱԳ փոխնախարարի խոսքով՝ հարևան բոլոր երկրների հետ 1991 թվականին Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը պետք է վերականգնվի։
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- նշեց Կոստանյանը։
Նա հույս հայտնեց, որ առաջին նիստը չի ուշանա։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը պատասխանեց՝ սահմանազատման գործընթաց է լինելու։ Նրա խոսքով՝ տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը։