ԱՄՆ ուժայինները երկրում «Կրոկուսի» նմանությամբ ահաբեկչության վտանգ են տեսնում


ԱՄՆ ուժայինները երկրում «Կրոկուսի» նմանությամբ ահաբեկչության վտանգ են տեսնում

  • 12-04-2024 10:38:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն անհանգստացած է երկրում ահաբեկչության հնարավորությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ նշելով, որ խոսքը նմանատիպ ահաբեկչության վտանգի մասին է, որը տեղի ունեցավ մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում և հարյուրից ավելի կյանքեր խլեց։
 
«Իրավապահ համակարգում, իմ ողջ կարիերայի ընթացքում, ես կդժվարանայի պատկերացնել, որ կարող են միաժամանակ հասարակական ու ազգային անվտանգությանն ուղղված այդքան սպառնալիքներ առաջանալ։ Բայց հիմա, հենց այդպես է», - հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում լսումների ժամանակ։
 
Մարտի 22-ին Մոսկվայի արվարձանում համերգասրահի վրա հարձակման հետևանքով զոհվեց առնվազն 144 մարդ։ Սա վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունն էր։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թևը։
 
Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի պատճառով սրված տրամադրությունների ֆոնին Միացյալ Նահանգների պաշտոնյաները բազմիցս են մտահոգություններ հայտնել որևէ անհատի կամ փոքր խմբի կողմից հավանական հարձակման առնչությամբ։
 
«Ամերիկայի ձայն»-ը նշում է, որ ՀԴԲ տնօրենի նպատակն է՝ համոզել օրենսդիրներին և երկարաձգել կասկածյալների հսկողության ծրագիրը, որն ավարտվում է այս ամիս: Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն արգելափակել է ծրագրի որոշ փոփոխություններ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը