«Լավատես ենք, որ ՌԴ գործընկերները դրական կպատասխանեն». Հայրապետյանը` համաձայնագրի մասին


«Լավատես ենք, որ ՌԴ գործընկերները դրական կպատասխանեն». Հայրապետյանը` համաձայնագրի մասին

  • 15-04-2024 15:31:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նախարարի խոսքով` քննարկումներ են անցկացվել առաջացած խնդիրների համար երկկողմ ընդունելի լուծումներ գտնելու և նոր խնդիրները կանխելու ուղղությամբ։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս շաբաթ կփորձի վերջնականացնել ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ստորագրված համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկները և ներկայացնել ռուսական կողմին։ Այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` այս հայտարարությունն արեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
 
Խոսքը վերաբերում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին, որը ՀՀ–ի և ՌԴ—ի կառավարությունների միջև ստորագրվել է 2020 թ. դեկտեմբերի 30–ին Երևանում։
 
Նախարարը նշեց, որ մարտի 19–ին ԲՏԱ նախարարության պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա` ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության հետ հանդիպման։
 
«ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրագործմանը վերաբերող որոշակի խնդիրներ կան, և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս շաբաթ կվերջնականացնի իր առաջարկները, կներկայացնի ռուսական կողմին, որպեսզի համաձայնագիրը վերախմբագրվի»,– նշեց Մխիթարյանը։
 
Ըստ նրա` քննարկումներ են անցկացվել առաջացած խնդիրների համար երկկողմ ընդունելի լուծումներ գտնելու և նոր խնդիրները կանխելու ուղղությամբ։
 
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այդ միջկառավարական համաձայնագրի առանձին կետերի հետ կապված առաջարկներ, հստակ պատկերացումներ ունի։ Լավատես ենք, որ ՌԴ մեր գործընկերները դրան դրական կպատասխանեն, դրանից հետո կվերանայենք համաձայնագիրը»,– հայտարարեց Հայրապետյանը։
 
Հիշեցնենք` նախարարը մարտի 18–ին հայտարարել էր, որ առաջիկայում հայկական կողմը կներկայացնի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ լուծումների իր առաջարկները։
 
Նա վստահեցրել էր, որ առաջարկվող լուծումները բխում են ինչպես հայ–ռուսական համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է` ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշների, պետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը