Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր լինել․ ԱԺ փոխնախագահ


Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր լինել․ ԱԺ փոխնախագահ

  • 16-04-2024 14:23:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Հայաստանը ցանկանում է, որպեսզի աշխարհում ոչ մեկ իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
 
«Մենք համերաշխության խոսք ենք հղում եզդի ժողովրդին, մեր ապրումակցումն ենք հայտնում՝ որպես միանման ճակատագիր ունեցած ժողովուրդ։ Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ոչ մեկ իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի։
 
Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում»,- ասաց Արշակյանը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր։
 
«Մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետև մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ժողովուրդները երբեք չարժանանան մեր ճակատագրին, եզդիների, հույների, ասորիների ճակատագրին։
 
Եվս մեկ անգամ ուզում եմ Ազգային ժողովի անունից, և այս օրինագծի ընդունմամբ՝ նաև հայ ժողովրդի անունից, մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը, ապրումակցումը հայտնել և ուզում եմ, որ իմանաք, որ մենք ձեր կողքին կանգնած ենք, ինչպես դուք եք մեր կողքին կանգնած։ Եվս մեկ անգամ իմ հարգանքի տուրքն եմ մատուցում աշխարհի ցեղասպան բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակին»,-եզրափակեց Արշակյանը։
 
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օգոստոսի 3-ը որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։ Նախագծին միաձայն կողմ է քվեարկել 88 պատգամավոր։
 
2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը