Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. Ռաիսի


Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. Ռաիսի

  • 17-04-2024 12:48:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ապրիլի 17-ի առավոտյան՝ Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ, իր ելույթում հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են հենվել Իրանի զինված ուժերի վրա:
 
«Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են արտադրում բոլոր տեսակի հայրենական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ»,- հավելել է նա:
 
Վերջինս շարունակել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանությանը:
 
Իրանի նախագահը ողջունել է երկրի զինված ուժերի միասնությունը՝ դժվարին պահերին ժողովրդի կողքին կանգնելու հարցում։
 
Ասելով, որ Իսրայելի վրա հարձակումը սահմանափակ գործողություն էր՝ նախագահն ընդգծել է՝ եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի վրա, այդ ռեժիմից ոչինչ չի մնա։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի ռազմական ուժերը անվտանգություն ստեղծող և խաղաղություն հաստատողներ են, որոնք հեղինակություն են բերում տարածաշրջանին և լիովին վստահելի են:
 
Ռաիսին տարածաշրջանի երկրներին ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ կապեր ունենալու փոխարեն նրանք պետք է ապավինեն իրենց ունեցվածքին և մահմեդական ուժերին։
 
«Տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»,- հավելել է նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը