Կրեմլն արձագանքում է ռուս սահմանապահներին Տավուշից դուրս բերելու Փաշինյանի հայտարարությանը


Կրեմլն արձագանքում է ռուս սահմանապահներին Տավուշից դուրս բերելու Փաշինյանի հայտարարությանը

  • 22-04-2024 15:32:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել», - URA.RU-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Շաբաթ օրը Ստեփանավանում, «Ազատության» հարցին ի պատասխան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատել է, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից։
 
Պեսկովն այսօր շեշտել է, թե «այս առումով ոչ մի ազդանշան չի եղել»։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և այլ հրատապ հարցեր։
 
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է հնարավոր երկու ղեկավարների անձնական շփումը:
 
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Տավուշում «ռուսական հենակետերը հայտնվել են մի իրադրության բերումով և այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե իրադրության էական փոփոխություն է և այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում»։
 
«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք և մենք ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել է գործադիրի ղեկավարը։
 
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
 
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
 
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play