2008-2009 ԹԹ. ՄՀԶ-Ի ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ<br /> ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 97-ՐԴ ՏԵՂԸ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ 93-ՐԴԻ ՓՈԽԱՐԵՆ<br />


2008-2009 ԹԹ. ՄՀԶ-Ի ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 97-ՐԴ ՏԵՂԸ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ 93-ՐԴԻ ՓՈԽԱՐԵՆ

  • 09-10-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008-2009թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի (ՄՀԶ) համաձայն, Հայաստանն իր մրցունակությամբ զբաղեցնում է 97-րդ տեղը 134 երկրների շարքում` նախորդ տարվա 93-րդի փոխարեն: Ինչպես զեկույցի տվյալների հրապարակմանը նվիրված հոկտեմբերի 9-ի ասուլիսում հայտնեց Երեւանի «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, Հայաստանը արդեն 4-րդ տարին է, ինչ ընդգրկվում է ՄՀԶ-ում: Ըստ նրա, ՄՀԶ-ն աշխարհում լայնորեն ճանաչված եւ մեծ հեղինակություն վայելող ամենամյա հանդես է, որտեղ համեմատվում, գնահատվում եւ վերլուծվում են աշխարհի տարբեր երկրների տնտեսական մրցակցությունը եւ դրանց տնտեսական զարգացման վրա ներազդող գործոնները: Մ.Հերգյանը նշեց, որ ՄԶՀ-ում երկրները դասակարգվում են ըստ Համաշխարհային մրցունակության (ՀԱՄ) ցուցիչի: Այն երկրների մրցունակությունը գնահատող համապարփակ ցուցանիշ է եւ հիմնվում է ավելի քան 110 գործոնների գնահատականների վրա, որոնք իրենց հերթին խմբավորվում են ըստ մրցունակության 12 հենասյուների: Դրանցով ամփոփվում է լայն ընդգրկում ունեցող այնպիսի գործոնների վերլուծությունը, ինչպիսիք են երկրների մակրոտնտեսական կատարողականը, առողջապահությունը, կրթությունը եւ այլն: Համաձայն ՄՀԶ-ի ՀԱՄ ցուցիչի դասակարգման, աշխարհի ամենամրցունակ առաջին երեք երկրներն են ԱՄՆ-ը, Շվեյցարիան եւ Դանիան: ԱՊՀ երկրների շարքում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը: Մ.Հերգյանը նշեց, որ ցուցիչը չի ներառել վերջին միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունները, քանի որ զեկույցում օգտագործված տվյալները ներկայացնում են 2007թ.-ի տարեկան ցուցանիշները: Ըստ նրա, Հայաստանի մրցակցային դիրքը նախորդ տարվա համեմատ նկատելի փոփոխությունների չի ենթարկվել եւ շարունակում է մնալ բավականին ցածր մակարդակում: Մ.Հերգյանի խոսքերով, Հայաստանն այսօր կանգնած է երկրի մրցունակության բարձրացման լուրջ մարտահրավերների առջեւ, որոնց հաղթահարումը թույլ կտա պահպանել տնտեսական աճի բարձր տեմպերը: Ըստ նրա, զարգացման ներկայիս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերները կապված են մրցունակության միկրոտնտեսական հիմքերի զարգացման հետ, սակայն վերջին տարում ավելացել են նաեւ մակրոտնտեսական ռիսկերը: Նշվեց նաեւ, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից են ռեսուրսների եւ ապրանքների շուկաներում առկա թերությունների վերացումը, կայուն մակրոտնտեսական միջավայրի եւ գործարարության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ դաշտի ապահովումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն