ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ<br /> ԲԵՌ ՉԻ ԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է<br /> «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ <br />


ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ
ԲԵՌ ՉԻ ԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ

  • 23-09-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից ՀՀ տարածքում գազի սակագների փոփոխությունը ծանր բեռ չի լինի տնտեսության եւ բնակիչ-բաժանորդների վրա,- լրագրողների հետ ճեպազրույցում սեպտեմբերի 23-ին վստահեցրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա ձեռնպահ մնաց սակագների չափի մասին խոսելուց, նշելով, որ սակագները որոշելու է Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը: Մոտ օրերս «ՀայՌուսգազարդ»-ը հայտ կներկայացնի հանձնաժողովին, վերջինս էլ կորոշի սակագների չափը: Կ.Կարապետյանը կարեւորեց 2009-2015թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման պայմանագրի ստորագրումը, որի հիմքում, մասնավորապես, ընկած է, որ «Գազպրոմը» հանդիսանում է ոչ միայն գազ մատակարարող եւ վաճառող ընկերություն, այլ նաեւ «մեր բաժնետերերից մեկը եւ շահագրգռված է գազի շուկայի, տնտեսության զարգացման մեջ»: Ձեռնարկության ղեկավարը կարեւորեց նաեւ դրույթը, ըստ որի աստիճանաբար գազի գների փոփոխությունը համահունչ են այն տեմպերին, որ կա Ռուսաստանում, ներքին շուկաներում, նա դրական գնահատեց նաեւ գազի նոր սակագնի կիրառումը ապրիլի 1-ից, ինչը թույլ կտա ձմեռվա ամիսները անցկացնել եւ ավելի մեղմ պայմաններում ադապտացվել նոր գներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը Կարեն Կարապետյանը ընկերության ձեռքբերումների շարքում հիշատակեց գազիֆիկացման մակարդակի աճը` 21-ից 91 տոկոսի, ՀՀ ներմուծվող եւ իրացվող բնական գազի ծավալների աճը` ավելի քան 2,4 անգամ` ավտոգազալցմանճնշակային կայանների կողմից 10, բնակչության կողմից` 6,4 եւ արդյունաբերության կողմից` 2,3 անգամ: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, փաստացի բաժանորդների թվաքանկը աճել է 5,1, գազաբաշխիչ ցանցը ընդլայնվել` 2,1, պահեստավորվող բնական գազի ծավալը աճել 2 անգամ: «Տրանսպորտի ոլորտում որպես շարժիչային վառելիք սպառվող բնական գազը փոխարինում է շուրջ 300-330 հազար տոննա նավթամթերքի, իսկ դրանից բխող ամենամյա տնտեսումը, մեր գնահատականներով կազմում է 380-400 մլն. ԱՄՆ դոլար»,- ասաց Կ.Կարապետյանը: Ֆինանսատնտեսական ցուցանիշների թվում նա կարեւորեց ընկերության աշխատողների միջին աշխատավարձի աճը` 2,5 անգամ. վնասաբեր ընկերությունից «ՀայՌուսգազարդ»-ը դարձել է շահութաբեր` շահույթը հասցնելով շուրջ 12 մլրդ դրամի: Ընկերության խնդիրների թվում Կ.Կարապետյանը նշեց մինչեւ 2015թ.-ը ՀՀ բնական գազի մատակարարման պայմանագրի ստորագրումը` ապահովելով գազի գնի ոչ կտրուկ աճը, ինչպես նաեւ բաժանորդների գազամատակարարման անվտանգության մակարդակի բարձրացումը: Կ.Կարապետյանը նշեց, որ Ընկերության ներդումների գումարային ծավալը 2008-2010թթ. կկազմի շուրջ 720-750 մլն. ԱՄՆ դոլար, ներառյալ` գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, առավել խոշոր ներդրումային ծրագրերի թվում նա նշեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ձեռքբերումը, շինարարությունը եւ արդիականացումը` շուրջ 430 մլն. ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play