ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ<br />


ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

  • 15-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի կառավարության օժանադակությամբ Նոյեմբերյան քաղաքի Արճիս համայնքում տեղադրվել է 200 տոննա տարողությամբ սառնարան, ինչը շրջանի բնակիչներին հնարավորություն կտա պահպանել իրենց միրգն ու բանջարեղենը, ինչպես նաեւ մսամթերքը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, բացի այդ, Հունաստանի կառավարության օժանդակությամբ Երեւանում ներկայումս կառուցվում է մթերքի ապահովության լաբորատորիա: Լաբորատորիայում նախատեսվում է Հայաստանից արտահանվող մթերքը ենթարկել փորձաքննության եւ տալ եվրոպական ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկատ: Գ.Կարապետյանի խոսքերով, այս երկու ծրագրերի իրականացման համար Հունաստանի կառավարությունը հատկացրել է 530 հազար եվրո: Ըստ Գ.Կարապետյանի, Հունաստանի պետությունը Հայաստանը համարում է իր բարեկամը եւ ամեն կերպ փորձում է աջակցել հայ ժողովրդին, ինչպես նաեւ Հունաստանի հայկական գաղթօջախին: Նրա խոսքերով, Հունաստանի կառավարության կողմից բոլոր ծրագրերը Հայաստանում իրականացվում են արդյունավետ, այդ իսկ պատճառով, ըստ Գ.Կարապետյանի, այս ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: «Եթե նախկին խորհրդային երկրներում վախենում են որեւէ գործ իրականացնել, ապա այսօր այդ վտանգը չկա Հայաստանում: Այս ծրագրերը Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն»,- նշեց նա: Գ.Կարապետյանը հայտնեց, որ արդեն մշակվել է 2 նոր ծրագիր եւս: Մասնավորապես, նախատեսվում է Երեւանում կառուցել հեղուկների` ջուր, կոնյակ, գինի եւ այլն, հետազոտման լաբորատորիա, որտեղ փորձաքննություն անցնելուց հետո դրանց կտրվի համապատասխան սերտիֆիկատ: Բացի դրանից Հայաստանում կկառուցվի կենդանիների կերի պատրաստման գործարան: Առայժմ ճշտվում է գործարանի կառուցման վայրը: Գ.Կարապետյանի խոսքերով, լաբորատորիայի եւ գործարանի բացումը նախատեսվում է 2009թ.-ին: Այս երկու ծրագրերի համար Հունաստանի կառավարությունը հատկացրել է 500 հազար եվրո: Նշենք նաեւ, որ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Նոյեմբերյան, Սիսիան, Իջեւան եւ Ալավերդի քաղաքները եւ Հունաստանի 4 քաղաքներ դարձել են քույր քաղաքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play