Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան ծրագիրն ավարտվում է տեսանելի արդյունքներով


Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան ծրագիրն ավարտվում է տեսանելի արդյունքներով

  • 07-04-2011 19:53:30   | Հայաստան  |  Տնտեսություն
Ապրիլի 7-ին գործարկվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի շրջանակներում վերականգնված Արմավիրի մարզի Շենիկի ինքնահոս համակարգը, որը ոռոգման ջրով է ապահովում Տալվորիկ համայնքի 78 ջրօգտագործողների։ Ինքնահոս համակարգի վերականգնմամբ ոռոգելի 600 հեկտար հողատարածքին կավելանա եւս 500 հեկտարը։ Հանդիսավոր արաողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, այլ պաշտոնատար անձինք։ Ամբողջությամբ վերականգնվել է նաեւ Արաքս համայնքի Արմավիրի մայր ջրանցքը՝ 7,4 կմ մայր եւ 2 կմ երկրորդ կարգի ջրանցքի հատվածները։ Նոր ջրագիծը կառուցվել է նախկինից մեկ մետր բարձր, ինչը նվազեցրել է ջրի կորուստները եւ թույլ տվել ընդգրկել ջրանցքի իշխման տակ գտնվող բոլոր հողատարածքները։ Ընդհանուր ներդրումը կազմել է 1,4 մլն ԱՄՆ դոլար։ Ինչպես հանդիսությանը նշեց Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, այսպիսով ազդարարվում է 5 ինքնահոս համակարգերի եւ 6 մայր ջրանցքների վերականգնման աշխատանքների ավարտը։ Ծրագրի շնորհիվ վերականգնվել է կամ կառուցվել 5 ինքնահոս համակարգերի շուրջ 45 կմ հատված, արդյունքում վերականգնվել են ջրագծեր Հայաստանի 5 մարզերում։ Վերականգնվել են նաեւ 6 մայր ջրանցքների շուրջ 260 ջրային կառուցվածքներ, երեսապատվել մոտ 40 կմ ջրագծեր։ «Այդ երկու ծրագրերի հիմնական նպատակն էր նվազագույն կորուստներով ոռոգման ջրով ապահովել գյուղացուն եւ ֆերմերային տնտեսություններին»,- ասաց ծրագրի ղեկավարը։ Ավարտվել են նաեւ ենթածրագրերը. մասնավորապես, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով արդեն ավարտվել է շուրջ 60 խորքային եւ արտեզյան հորերի վերականգնումը, իսկ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով ավարտվել են աշխատանքները շուրջ 22 համայնքներում, եւս 80 համայնքում շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Ա.Հովսեփյանը հավելեց, որ ծրագրի իրականացումն ավարտվել է պայմանագրով նախանշված ժամկետից շուտ, ինչը հնարավորություն է տվել հնգամյա ծրագրում, որի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին, ներառել նաեւ Նոյեմբերյանի պոմպակայանին կից մեծ պատվարի վերականգնման աշխատանքները։ Հայաստանի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Արմավիրի մայր ջրանցքը ամբողջությամբ բետոնացված եւ ժամանակակից տեխնիկական պահաջները բավարարող համակարգ է, ինչը թույլ է տալիս օգտագործել ջրանցքի ողջ ներուժը։ Ներկայումս ջրանցքի իշխման տակ գտնվող մինչեւ 20 հազար հեկտար հողատարածքից ոռոգվում էն 12-13-ը, իսկ ջրանցքի վերականգնումը հնարավորություն կտա բոլոր ջրօգտագործողներին ապահովել երաշխվավորած, կայուն ջրամատակարարմամբ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play